Գիշերվա մի ահասարսուռ ժամի զգում ես խլացնող ձայներ, որոնք ոչ միայն խաթարում են մեր քաղաքացիների հանգստի իրավունքը, անակնկալ վախի մատնում երեխաներին, այլ նաև կարող են լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Վերջին փուլում այս մասով հասարակական դժգոհությունը շատ մեծ էր։
Եվ ահա, Երևանի քաղաքապետարանը, անսալով բնակիչների խնդիրներին, գնացել է բավականին խելամիտ որոշման։ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությունը։ Ըստ այդ առաջարկության՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով։ Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել։
Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել առևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը։ Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով։
Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ «Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50000-300000 դրամ վճար կսահմանվի։
Հիշեցնենք, որ որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ-ում, որպեսզի լինեն օրենսդրական և իրավական համապատասխան փոփոխությունները։
Զաբել ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում