Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ դրսին թողնելու վտանգն այնքան մեծ է, որ արդեն պաշտոնյաները չեն որոշում` իրենք մնալու՞ են իրենց պաշտոններին, թե՞ ոչ. «Իրատես»

Հունվար 12,2018 10:44

2018-ը սկսվեց թանկացումների ալիքով, որը հանրային մեծ դժգոհության առիթ դարձավ: Այդ մասին նախօրեին խոսեց նաև երկրի ղեկավարը: Քաղաքական ուժերից էլ միայն «Ելքը» հայտարարեց, որ թանկացումների դեմ պատրաստվում է բողոքի երթ կազմակերպել: «Իրատեսի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ նկատեց, որ Հայաստանի պարագայում պետք չէ արտաքին և ներքին քաղաքականությունը տարանջատել, ներքին որոշումներն ու քայլերը պայմանավորված են դրսից եկած հրահանգներով: Ըստ քաղաքագետի, շատ բարդ է կանխատեսել, թե այս տարի ինչպիսի իրավիճակ կլինի տարածաշրջանում և ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար` հաշվի առնելով նաև իրանյան վերջին զարգացումները:

Տարին սկսվեց թանկացումներով, ինչը ենթադրում է, որ տնտեսապես բավականին ծանր տարի է լինելու: Քաղաքական առումով ևս հեշտ չի լինելու, լուծվելու է վերջին շրջանի ինտրիգը, փոխվելու է կառավարման մոդելը: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ տարի ենք ունենալու:

-Թե ինչ տարի կունենանք, գլխավորապես պայմանավորված է տարածաշրջանային թոհուբոհով: Իզուր չէ, որ տարեվերջին Սերժ Սարգսյանը Վրաստանում շոշափում էր այլընտրանքային ճանապարհների, էքստրեմալ վիճակների մասին հարցը: Հասկանում են, որ վաղը հնարավոր է Իրանի ճանապարհն էլ փակվի: Այս դիտակետից պետք է վերլուծել իրավիճակը: Որքան հետևում եմ պաշտոնյաների հայտարարություններին, չեմ տեսնում խնդիրներին «լայն» նայելու մոտեցումը: Չկա որևէ հարցի լուրջ պատասխան: Անգամ Սերժ Սարգսյանը վերջին խորհրդակցության ժամանակ որևէ կոնկրետ հարցի պատասխան չտվեց:

Այդ անորոշ վիճակն ինչո՞վ է պայմանավորված:

-Այս իշխանությունների գործունեությունը տարիներ շարունակ կախված է եղել դրսի ուժերի գործողություններից:

Չկա՞ն ներքին բանաձևեր, տարբեր իրավիճակների համար մտածված սցենարներ:

-Ոչ, չկան, որովհետև հենց իշխանություններն են ամեն ինչ արել, որ մեր ներքին խնդիրները պայմանավորված լինեն դրսի ուժերի գործողություններով: Ես պնդում եմ, որ շատ խնդիրներ կարող էին ներսում լուծվել՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու դեպքում: Ապրիլյան պատերազմից հետո մեր հանրությունը դրա օրինակը պարզ տեսել է: Ամեն ինչ դրսին թողնելու վտանգն այնքան մեծ է, որ արդեն պաշտոնյաները չեն որոշում` իրենք մնալու՞ են իրենց պաշտոններին, թե՞ ոչ: Իսկ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում նման պահվածքը չի կարող լավ բանի հանգեցնել: Ասել է՝ դու բացարձակ քո ինքնավարության վրա հույս չես դնում, փախչում, սարսափում ես սուվերեն որոշումներից: Մինչդեռ բոլորը հակառակն են անում: Հարևան Թուրքիան ողջ աշխարհի հետ կռիվ է տալիս, Իրանը չի թողնում խառնվել իր ներքին գործերին: Մեզ մոտ որքան բարդանում է վիճակը, մենք փախչում ենք խնդիրներից: Սա մեր երկրի ամենամեծ վտանգն է: Եթե իշխանությունում որևէ փոփոխություն էլ լինի, դա կանեն դրսի ուժերը:

Դրսի ուժ ասելով ու՞մ նկատի ունեք՝ Արևմուտք, ՌԴ:

-Ամեն տեղ էլ մեզ վրա ազդող ուժեր կան: Մոսկվայում կա ու կա, ԱՄՆ-ում էլ, Եվրամիությունը բացարձակ հայտարարում է, թե որոնք են մեր խնդիրները, հիմա՝ դուք կոռուպցիա ունեք, մենք գումար կտանք, սուվերեն կլինեք, սակայն դուք քայլեր պետք է անեք: Այսինքն, այնքան բացահայտ է ուժային կենտրոնների գործունեությունը, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Հարցն այն է` այս իշխանություններն ի վիճակի՞ են որևէ քայլ անելու։ Կարծում եմ՝ ոչ: Վերջին տարում առավել համոզվել եմ, որ նույնիսկ եթե ի վիճակի են, պետք է գնան բոլոր տեղերում ասեն, պայմանավորվեն, տեղյակ պահեն ու «դաբրո» ստանան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031