Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում լուրջ զանգվածային միջոցառումներ, երկարատև ակցիաներ տեղի չեն ունենում, եթե իշխանական որևէ թև դրանում շահագրգռված չէ. «Իրատես»

Հունվար 12,2018 10:12

Վաղուց հայտնի է, որ, ինչպես Իրանում, Հայաստանում նույնպես իշխանությունը միատարր չէ, և կա լուրջ պայքար իշխանության վերաձևավորման շուրջ, որն սկսվել է սահմանադրական բարեփոխումներից հետո և վերջնակետին կհասնի 2018-ին՝ ՀՀ նոր նախագահի և վարչապետի ընտրություններով։ Այս պայմաններում իշխանական տարբեր թևեր երբեք առիթը բաց չեն թողնի կառավարության դեմ ցույցերին ստվերային մասնակցություն ունենալու և նույնիսկ դրանք հրահրելու հարցում։ Այսպիսով, ներիշխանական պայքարի տեսակետից նույնպես Հայաստանն աղերսներ ունի Իրանի հետ։
Եվ վերջապես՝ անհերքելի փաստ է, որ Հայաստանում բախվում են գերտերությունների և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը։ Այդ ուժերը փորձում են ցանկացած պարագայում, ցանկացած գործընթացում իրենց մասնակցությունն ունենալ և ավելացնել սեփական ազդեցությունը։ Նույնիսկ որոշ կենտրոններ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության իշխանական էլիտայի տարբեր թևեր նույն Հայաստանում կարող են ունենալ տարբեր նպատակներ։ Այս առումով նույնպես Հայաստանը շատ նման է Իրանին։ Իհարկե, պարզ է, որ Իրանում մասշտաբները բոլորովին այլ են, լրիվ ուրիշ ազդեցություններ են, բացի այդ, Իրանի նշանակությունն աշխարհում անհամեմատելի է Հայաստանի հետ։

Այս պարագայում հետաքրքիր է, որ 2018-ի հենց առաջին օրերից հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, որոնք միշտ աչքի են ընկնում հիմնականում հակավարչապետական հրապարակումներով, սկսեցին այդ նմանությունները մեջտեղ հանել և նույնիսկ փաստացի ուղղորդել զանգվածներին, որպեսզի դուրս գան փողոց՝ առաջ քաշելով իրենց սոցիալական խնդիրները։ Նույն կերպ վարվեցին ԶԼՄ-ները, բլոգերները, սոցցանցերի այն օգտատերերը, որոնք սովորաբար աննկատ չեն թողնում գործող վարչապետի և պաշտպանության նախարարի ցանկացած քայլ։
Այս կապակցությամբ վերլուծաբանների մի մասը նշում է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում լուրջ զանգվածային միջոցառումներ, երկարատև ակցիաներ տեղի չեն ունենում, եթե իշխանական որևէ թև դրանում շահագրգռված չէ։ Նույն «Էլեկտրիկ Երևանը», քաղաքային տրանսպորտի թանկացումների դեմ զանգվածային և երկարատև շարժումները քողարկված կերպով ունեին իշխանական հովանավորներ։ Եթե նման պրոցեսներում չկա իշխանության մասնակցությունը, ապա այդ պահի ընդդիմություն համարվող ուժը կա՛մ չի ցանկանում նման շարժումներին մասնակցել՝ լավ տեղավորվելով իր անկյունում, կա՛մ եթե անգամ ցանկություն ունի, ի վիճակի չէ զանգվածներ փողոց հանելու։ Կյանքը ցույց է տվել, որ ընդդիմությունը չունի ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական ռեսուրս, ո՛չ էլ անգամ քաղաքական կամք, քանի որ շատ լավ ու հարմարավետ է զգում իր անկյունում։

Փաստորեն, չի բացառվում, որ սոցիալական պիտակի տակ անցկացվող և կառավարության դեմ տեղի ունեցող այս գործընթացներում կգտնվեն իշխանական քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իսկապես ուղղորդել, կազմակերպել, առաջնորդել, ֆինանսավորել այդ շարժումները։ Առայժմ, գոնե այս տեսակետից, լուրջ քարոզչական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Ինչևէ, այս պարագայում «Ելք» դաշինքը, որը հսկայական հավակնություններ ունի մինչև 2022 թվականի համապետական ընտրությունները դառնալու ընդդիմության առաջնորդ, փորձում է ստեղծված առիթն օգտագործել նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և ընդվզումների հնարավոր ալիքն իրենով անելու համար։ Այս պարագայում, իհարկե, շատ ավելի հետաքրքիր է` արդյոք իշխանական որևէ թևի մասնակցությունն ու «Ելքի» ակտիվությունը չե՞ն շաղկապվել և շահերի համընկնում տեղի չի՞ ունեցել։ Եթե այս խաղի մեջ ներգրավված չէ իշխանական կազմակերպչական ռեսուրսը, ապա ժողովրդի ակտիվ զանգվածի ընդվզումները, թերևս, երկար չեն շարունակվի։ Իսկ եթե այս շարժման մեջ հայտնվեն ուժեր, որոնք ինչ-որ կերպ կապված են Բաղրամյան 26-ի հետ (սովորաբար դա հիմնականում ՀՀԿ երիտասարդական թևն է լինում), ապա գործընթացները գուցե շատ ավելի կազմակերպված, երկարատև, հետաքրքիր ու լուրջ զարգացումներ ունենան։
Այս թեման, ամենայն հավանականությամբ, լինելու է առաջիկա մեկ շաբաթվա հիմնական ինտրիգը։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031