Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

78-ամյա Կարապետ Յափուջյանը «ԴատաԼեքսից» էր իմացել, որ իր փաստաբանը բողոք չի բերել

Հունվար 12,2018 15:30

ՀՀ փաստաբանների պալատը ճանաչվել էր պատասխանող: Պալատը 2016թ. հուլիսի 28 -ի կարգապահական վարույթի հետ կապված որոշում էր ընդունել ընդդեմ կենսաթոշակառուի: Կարապետ Յափուջյանը քաղաքացիական գործով փաստաբանական ծառայություններից օգտվելու համար դիմել է փաստաբան Հայկ Օսեփյանին:
Նրանց միջեւ պատշաճ պայմանագիր չի կնքվել, քանի որ փաստաբանը չի ցանկացել: Վերաքննիչ դատարանում բեկանվել է առաջին ատյանի վճիռը, նշանակվել է նոր քննություն, ինչի արդյունքում կենսաթոշակառուի հայցը մերժվել էր: Կենսաթոշակառուն պարտքով գումար էր տվել մեկին, իսկ այդ մեկն էլ գումարը չի ցանկացել վերադարձնել:
Փաստաբանը պարտությունից հետո վերաքննիչ բողոք չի բերել, եւ քաղաքացին պարբերաբար զանգել է իր փաստաբանին, խնդրելով, որպեսզի նա ներկայացնի վերաքննիչ բողոք:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանում, Փաստաբանների պալատի դեմ գործով դատական նիստի լուսաբանման ժամանակ, հայցվոր կենսաթոշակառուն թե «Առավոտին», թե դատարանին հայտնել էր, որ երբ իր փաստաբանին հարցնում էր, ինչու է «ուշանում» վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, փաստաբանը պատճառաբանել էր. «Միգուցե արձակուրդային շրջան է, դրանով է պայմանավորված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման բացակայությունը»:

Քաղաքացին մի անգամ էլ է դիմում փաստաբանին, որն ասում է. «Իր պարտականությունները պատշաճ կատարել է, սահմանված կարգով ներկայացրել է վերաքննիչ բողոք»:

Քաղաքացին հետագայում «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից պարզում է, որ որեւէ բողոք չի ներկայացվել, իսկ առաջին ատյանի դատարանի վճիռն էլ մտել է օրինական ուժի մեջ:

Ըստ էության, դիմելով փաստաբանների պալատ, քաղաքացին հայտնում է, որ ինքը փաստաբանի մեղքով զրկվել է սահմանադրությամբ իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

Երբ բողոք չներկայացնելու համար քաղաքացին դիմում է փաստաբան Հայկին, նա պատճառաբանում է այսպես. «Քաղգործով պատասխանողն իմ գործընկեր փաստաբանն է, ունենք մտերիմ հարաբերություններ, եւ նրա վստահորդը պատրաստ է կատարելու հայցով ներկայացված գումարի բռնագանձման պահանջը, ես էլ բանավոր պայմանավորվածությամբ, որոշել եմ բողոք չբերել»:

Մինչ օրս «բանավոր պայմանավորվածության» հետեւանքն այն է եղել, որ Կարո Յափուջյանին պարտքատերը գումարը չի վերադարձրել, ինչի բռնագանձման խնդրով էլ նա դիմել էր փաստաբանի:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ այս փաստաբանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, վարքագծի կանոնների խախտման հիմքով:
Ապա պալատի խորհուրդը կարճել է կարգապահական վարույթը, ինչը հիմք էր դարձել դատական կարգով բողոքարկման համար:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կենսաթոշակառուի հայցն ընդդեմ պալատի որոշման:
Իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցյալ տարվա վերջին մերժեց կենսաթոշակառուի բողոքը:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն ու եզրահանգումները հետեւյալն էին. հայցվոր կողմը չի ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքի պահանջների խախտման փաստով ապացույց, իսկ գործի ուսումնասիրությունից էլ երեւում է, որ «կողմերի միջեւ կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրով հստակ սահմանվելու դեպքում կարող էր սահմանված լինել յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, իսկ դատական ակտերի բողոքարկման պարտականությունն էլ չի կարող լինել ինքնանպատակ: Վերաքննիչ բողոք կարող էր բերվել այն դեպքեում, երբ կան հիմքեր»:

Բողոքաբերը հստակ ասում է, որ փաստաբանը չի իրազեկել իրեն կատարվելիք քայլերի մասին, իր այն մտադրության մասին, թե բողոք չի բերելու, ընդհակառակը՝ հանգստացրել է, ասելով, թե բողոք բերվել է, այսինքն՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքն է խախտել: Մինչդեռ ըստ դատարանի, «հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել որեւէ թույլատրելի, վերաբերելի, եւ արժանահավատ ապացույց, որը կվկայեր փաստաբանի կողմից իր պարտականությունները կատարելուց խուսափելու մասին»:
Կարգապահական վարույթը կասեցվել էր վաղեմության ժամկետի հիմքով:
Համաձայն ՓԱ օրենքի, վարույթ կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Կենսաթոշակառուն իմացել է վերաքննիչ բողոքը դատարան չներկացնելուց հետո, մինչդեռ չիմանալով իր իրավունքները, Փաստաբանների պալատ էր դիմել մեկ տարի հետո:
Ի դեպ, Փաստաբանների պալատի ներկայացուցիչն էր Գեւորգ Մկրտչյանը:
Ուշադրության արժանի է այն, որ քաղաքացին դիմել էր դատարան եւ գործի նյութերով «անցնում» է փաստաբան Հայկ Օսեփյան անուն-ազգանունը, մինչդեռ, դատարան ներկայացրած պալատի առարկություններում մեկ այլ փաստաբան՝ Վահե Հովսեփյանի անուն-ազգանունն է երեւում: Դատարանն ուշադիր գործի նյութերին ծանոթանալուց հետո հարց կտար. արդյո՞ք խոսքը նույն փաստաբանի մասին է:

Փաստաբանների պալատում վարույթը հարուցվել էր «փաստաբան Հայկ Օսեփյանի կողմից դիմողի հեռախոսազանգերին չպատասխանելու եւ դիմողին հանձնարարության կատարման ընթացքի մասին չտեղեկացնելու վարքագիծը ստուգելու նպատակով»: Ըստ պալատի ներկայացուցչի, պալատի նախագահի կողմից որոշումը չի վիճարկվել եւ այն նույնպես օրինական ուժի մեջ է:

Պալատն արձանագրել էր, թե կողմերի միջեւ փաստաբան-վստահորդ հարաբերություններն արդեն իսկ դադարեցված են եղել, երբ կողմը զանգել է, գնացել գրասենյակ, որը փակ է եղել:

Սակայն, եթե պայմանագիր չի կնքվել, ինպես է որոշվել, թե այդ հարաբերությունները դադարեցված են եղել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031