Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐՁԱԿ ՏԱՂԱՆԴԸ

Հունվար 12,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնիններորդ

ԲԱՑԱՐՁԱԿ ՏԱՂԱՆԴԸ

Չնայած Ֆելոն ռեժիսորականում շռնդալից ու փայլուն  քննություն էր հանձնել, նույն Ֆելոն հաջորդ սեպտեմբերին արդեն նույն ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետի ուսանող էր, ընդ որում՝ երկրորդ կուրսի ուսանող, որովհետեւ Ֆելոն Գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելով՝ ավելի շատ նկարչականի տղերքի հետ էր շփվում ու ընկերություն անում, քան՝ թատերականի, եւ ավելի շատ նկարչականի դասերին էր նստում, քան՝ իրենց թատերականի, եւ նկարչականի դասախոսները Ֆելոյին մեծ սիրով էին իրենց դասերին թողնում, որովհետեւ Ֆելոն բնորդներին ու մանավանդ բնորդուհիներին շատ ավելի լավ էր նկարում, քան՝ նկարչականի ուսանողները, եւ երբ թատերականի դեկանատը Ֆելոյի բացակայությունների քանակը ներկայացրեց ռեկտորատ՝ առաջարկելով ինստիտուտից հեռացնել Ֆելոյին, եւ երբ գեղանկարչականի դեկանատում էդ մասին  իմացան, շատ ուրախացան, եւ նկարչականի դեկանը նկարչականի դասախոսների հորդորով դիմեց անձամբ ռեկտորին, որպեսզի Ֆելոյին ոչ թե ինստիտուտից հեռացնեն, այլ ռեժիսորականից տեղափոխեն գեղանկարչության բաժին, ու էդպես էլ եղավ, ու երկրորդ սեպտեմբերի մեկին Ֆելոն արդեն գեղանկարչականի երկրորդ կուրսի ուսանող էր, եւ գեղանկարչականում բոլորը գոհ էին, եւ ամենից ավելի քանդակագործ Արա Սարգսյանն էր գոհ, եւ հենց Արա Սարգսյանն էր պնդել, որ Ֆելոյին ոչ թե պարզապես գեղանկարչական տեղափոխեն, այլ միանգամից տեղափոխեն գեղանկարչականի երկրորդ կուրս, եւ էդպես էլ արել էին, որովհետեւ Արա Սարգսյանի խոսքն էդ ինստիտուտում օրենք էր, եւ Ֆելոյի տեղափոխությունից բոլորը գոհ էին՝  բացի Գուլակյանից, ում ականջներից ոչ մի կերպ չէր ջնջվում Ֆելոյի Ստանիսլավսկին, եւ ով ռեկտորատի նիստում հայտարարել էր, որ Ֆելոյի տեղափոխումով հայոց թատրոնը մեծ ռեժիսոր է կորցնում, ու էս ամենը հորս պատմածներով եմ ասում, ու հայրս նաեւ ասում էր, որ Գուլակյանի էդ հայտարարությունից անմիջապես հետո նույն ռեկտորատի նույն նիստում Արա Սարգսյանը հայտարարել էր, որ Ֆելոն արդեն իսկ մեծ գեղանկարիչ ու մեծ պորտրետիստ է, ինչպես նաեւ՝ մեծ քանդակագործ, ու, իր էդ հայտարարությամբ չբավարարվելով, երկրորդ սեպտեմբերից սկսած՝ Ֆելոյին համոզելով տանում ու քանդակի իր դասերին էլ էր նստեցնում, եւ Ֆելոն շուտով քանդակի գծով էլ տաղանդ դրսեւորեց, եւ տարեվերջին արդեն Արա Սարգսյանը Ֆելոյին համոզել էր գեղանկարչականից տեղափոխվել քանդակի բաժին, եւ Ֆելոն իր համաձայնությունն արդեն տվել էր, եւ, փաստորեն, հաջորդ ուսումնական տարվանից Ֆելոն արդեն պիտի նստեր քանդակի երրորդ կուրս, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ նոր ուսումնական տարում Ֆելոն ոչ միայն քանդակի բաժին չտեղափոխվեց, այլեւ Երեւան չվերադարձավ Նովոսիբիրսկից, որտեղ իր հարազատ քեռին էր ապրում եւ որտեղ Ֆելոն  իր ամառային արձակուրդն էր անցկացնում, եւ ամառային արձակուրդի ընթացքում մի ռուս գեղեցկուհու սիրահարվելով՝ ինստիտուրը մոռացավ ու հիմնավորվեց Նովոսիբիրսկում եւ շուտով էդ քաղաքում կենդանագրական արհեստանոց հիմնադրեց:  էս ամենն ըստ հորս պատմածների եմ ասում, եւ Ֆելոյի մասին հորս պատմածները միանգամայն հավաստի էին, որովհետեւ Ֆելոն Ռուսաստանից հորս նամակ էր գրում, եւ հայրս էլ պատասխանում էր, եւ, ըստ Ֆելոյի նամակների, Նովոսիբիրսկում իր հիմնադրած կենդանագրական արհեստանոցը շատ հաջող էր աշխատում, եւ  Ֆելոն ու իր աշակերտը լավ էլ վաստակում էին, եւ իր նամակներից մեկում Ֆելոն հորս գրել էր, որ իր աշակերտն էնտեղ հորիցս ու Վոլոդյայից շատ փող է ստանում, եւ հայրս Վոլոդյային ասում էր՝ «եթե Ֆելոյի աշակերտը  մեզնից շատ ա ստանում, դե պատկերացրու՝ ինքը Ֆելոն ինչքան ա ստանում», եւ Վոլոդյան ժպտալով հորս ասում էր, որ Ֆելոն էդ բաները կատակով է գրել, եւ հայրս Վոլոդյային ասում էր՝ «հեչ էլ կատակով չի գրել» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «Ֆելոյից ամեն ինչ սպասելի ա» եւ մի քիչ էլ մտածում ու ասում էր՝ «Ֆելոն բացարձակ տաղանդ ա», եւ հենց էդ աշուն բացարձակ տաղանդն ամուսնացավ ռուս գեղեցկուհու հետ,իսկ հաջորդ ամառ տղա երեխա ունեցան, եւ չնայած Ֆելոյի հոր անունը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ Ֆելոն նորածնին իր հոր անունն էր շնորհել, եւ Ֆելոյի ծնողները, եղբայրն ու քույրն ընտանյոք գնացել Նովոսիբիրսկ եւ ուշացումով ու մեծ շուքով Ֆելոյի ու գեղեցկուհու ամուսնությունը նշել էին, ինչպես նաեւ՝ առաջնեկի ծնունդը, եւ էս ամենը Ֆելոն նամակների միջոցով էր հորս հայտնում,  եւ մեկումեջ հայրս էլ էր Ֆելոյի էդ նամակներին պատասխանում՝ Ֆելոյի վարձած տան հասցեով, բայց շուտով Ֆելոյի նամակները դադարեցին, եւ հորս վերջին նամակն անպատասխան մնաց, եւ այլեւս Ֆելոյից լուր չստացանք, եւ հայրս ու Վոլոդյան զանազան ենթադրություններ էին անում, եւ շուտով էդ ենթադրություններն էլ դադարեցին, եւ հետզհետե Ֆելոն  մոռացվեց, ավելի ճիշտ՝ Ֆելոյին բոլորս հիշում էինք, բայց իր մասին համարյա չէինք խոսում, եւ հիմա, երբ Ֆելոյին էսքան երկարբարակ հիշել ու իր մասին էսքան գրեցի, նոր նկատեցի, որ դեմդիմացս՝ իմ սենյակի պատից կախված է Ֆելոյի  վրձնած հորս դիմանկարը, եւ հենց հիմա հորս դիմանկարը պատից իջեցնելով ու շրջելով՝ հետեւում կարդում եմ՝ «Ավետիսյան Ֆելիքս, Շեկոյան Հակոբի դիմանկարը, 55X40, կտավ, յուղաներկ»:

 ՎԵՐՋ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031