Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որոնց ընթացքում բարձրացված հարցերը փորձում են համապատասխան օղակներով կարգավորել: «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի քննարկելու Ստեփանակերտի հետ կապված որոշ մտահոգություններ և ժողովրդի կողմից բարձրացված հարցեր»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հիմնական հարցը Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցների անվանումների հարցն է: «Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ հակազգային մի շարք գործիչների անուններով փողոցներ կան Ստեփանակերտում, այն դեպքում, երբ ազգային հայտնի գործիչների անունը կրող փողոցներ չկան»,- նշել է Արմեն Սարգսյանը:
«Շուտով լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը և Արցախյան շարժման 30-ամյակը: Մեր պատմության այս հերոսական ժամանակաշրջանի անվանի դեմքերին անունները պետք է արժևորենք, որի միջոցներից մեկն էլ փողոցների անվանակոչությունն է»,- ասել է պատգամավոր Ռիտա Մնացականյանը:
Ստեփանակերտի քաղաքապետը ողջունել է առաջարկը՝ ավելացնելով, որ փողոց անվանափոխելը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: «Այդ հարցին պետք է հանրային հնչեղություն տալ, հասարակական կարծիք ձևավորել»,- հավելել է Սուրեն Գրիգորյանը՝ առաջարկելով առաջարկները գրավոր ներկայացնել:
«Դաշնակցություն» խմբակցության անդամները բարձրացրին նաև մայրաքաղաքի արտաքին տեսքին, շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
«Ապառաժ»