Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաջորդ շաբաթվանից աստիճանաբար կսկսի քննարկել Հայաստանի նոր նախագահի թեկնածությունը։
«Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի։ Եւ դա մենք կանենք փետրվար ամսվա ընթացքում։ Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ «ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա հստակ լիազորություններ։ Կներկայացնենք մի թեկնածուին, որը կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն»,- ասել է Շարմազանովը։
Հարցին, թե ինչքանով է հնարավոր, որ նախագահի թեկնածուն լինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վերջինս հայտարարել է, որ չունի նման ցանկություն. «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ