Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա կինը սուտ մատնություն է արել, թե իրեն եւ ամուսնուն ֆերմայում 9 տարի առանց փողի աշխատեցրել են, ծեծել

Հունվար 11,2018 20:40

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Աննա Արեւշատյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2017թ. հունիսի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ 2009 թվականից մինչեւ 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Գետահովիտ գյուղի բնակիչ Հովիկ Հենրիկի Խեչյանն առանց աշխատավարձ վճարելու իրեն եւ ամուսնուն`Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարմանը, այն է`անասնաֆերմայում առկա անասունների խնամում, անասնաֆերմայի մաքրում եւ այլն, թերի կամ վատ աշխատանք կատարելու, ուշ արթնանալու համար պարբերաբար ծեծի է ենթարկել, ինչպես նաեւ արգելել է հեռանալ անասնաֆերմայի տարածքից,Հ. Խեչյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Ա. Արեւշատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քանի որ Ա. Արեւշատյանը չի ներկայացել դատական նիստերին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 15-ին նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել: Նոյեմբերի 28-ի դատական նիստին եւս նա չի ներկայացել, իր բնակության հասցեից բացակայել է, նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`դեկտեմբերի 5-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է Ա. Արեւշատյանի խափանման միջոցը փոխել եւ ընտրել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, քրեական գործի վարույթը կասեցնել մինչեւ նրա հայտնաբերումը:

2017թ. դեկտեմբերի 13-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան գրություն է ստացվել, որ դեկտեմբերի 12-ին Աննա Արեւշատյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Դեկտեմբերի 14-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է Աննա Արեւշատյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը վերսկսել: Ա. Արեւշատյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Ա. Արեւշատյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, տուժողի կողմից որեւէ բողոք կամ պահանջ չի ներկայացվել, Ա. Արեւշատյանը խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան 4 երեխա:

2017թ. դեկտեմբերի 19-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Արեւշատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ պատժի ժամկետին հաշվակցել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու 8 օրը եւ նրան վերջնականապես դատապարտել 2 ամիս, 22 օր ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031