Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի՝ ըմբշամարտի ֆեդերացիան չֆինանսավորելու եւ տված խոստումները չկատարելու մասին տարածվող լուրերը անհիմն որակեցին

Հունվար 11,2018 21:15

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստում այսօր քննարկվեցին մրցաշրջան 2018-ում ֆեդերացիայի ծրագրերը եւ անելիքները: Սակայն գործկոմի անդամները ցանկություն էին հայտնել նաեւ լրատվամիջոցներին հանդիպել եւ ներկայացնել վերջին օրերին մամուլում հրապարակվող նյութերի (ըստ դրանց Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ՀԸՖ-ն ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել) վերաբերյալ:

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մինչեւ խոսքն սկսելը ասաց. «ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ իմ զրույցները, արած հայտարարությունները սկսել եմ ձայնագրել, որովհետեւ երբեմն իմ արտահայտած մտքերը խեղաթյուրված են մատուցվում հանրությանը: Նախադասության մեջ մի ստորակետը տեղափոխում են ու լրիվ հակառակ միտքն է ստացվում: Մեր ֆեդերացիայում, այո, եղել են խնդիրներ, որոնք ստացել են իրենց լուծումները»:

Լեւոն Ջուլֆալակյանը շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին կատարած աշխատանքի համար: «Նրա հրաժարականից հետո մենք մայիսից խնդիրների առջեւ կանգնեցինք: Միայն պետական ֆինանսավորումը չի բավարարում հոգալ հավաքականների, ֆեդերացիայի ծախսերը: Այդ ժամանակ մեզ ձեռք մեկնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչի շնորհիվ կարողացանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել աշխարհի առաջնությանը, որի արդյունքները (Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը Փարիզում աշխարհի չեմպիոնի կոճում նվաճեցին: Ա. Հ.) բոլորը լավ գիտեն», – նշեց Լեւոն Ջուլֆալակյանը եւ հավելեց, որ յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, ինչպես նաեւ ըմբշամարտի իրենց ընտանիքում:

«Բայց մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր ընտանիքի բոլոր խնդիրները: Օրերս հանդիպել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել 2018 թվականի օրացուցային պլանը, խոսել այլ հարցերի մասին: Ուրախալի է պարոն Ծառուկյանի պատասխանը մեզ: Նա ասաց, որ ըմբշամարտի ֆեդերացիան առայսօր ֆինանսական խնդիրներ չի ունեցել, որ համոզված լինենք՝ նույն կերպ շարունակվելու է, որ մեր հավաքականը լավագույններից մեկն է եւ պետք է ամեն ինչ անենք նոր հաղթանակների համար: Անհոգ եղեք, եթե ըմբիշները առաջիկայում խնդիր ունենան, հաստատ իրենց պրոբլեմները հանրությանը կներկայացնեն, որովհետեւ մենք փորձում ենք, որպեսզի մեր բարձր արդյունքները շարունակական լինեն», – եզրափակեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Գագիկ Ծառուկյանի՝ ըմբշամարտի ֆեդերացիան չֆինանսավորելու եւ տված խոստումները չկատարելու մասին տարածվող լուրերը անհիմն որակեցին նաեւ ՀԸՖ փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, գործկոմի անդամ Լյովա Վարդանյանը, ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը նշեց. «Մենք միշտ փորձել եւ փորձելու ենք մեր երկրի պատիվը բարձր պահել միջազգային հարթակներում: Չի եղել մրցաշար, որից հպարտությամբ չվերադառնանք: 2017 թվականին ընդհանուր հաշվով 25 մեդալ ենք ունեցել: Շատ երկրների ֆեդերացիաներ պարզապես կարող են երազել դրա կեսն ունենալու համար»:

Գործկոմի անդամները բոլոր ըմբիշների անունից լրատվամիջոցներին հորդորեցին կամ իրենց մասին հրապարակել ճիշտ ու ստուգված տեղեկություններ կամ ընդհանրապես ոչինչ չգրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031