Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դեպքից անցել է ուղիղ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը

Հունվար 11,2018 19:35

Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ:

Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով /Ինքնասպանության հասցնելը/:

Նշված քրեական գործի ընթացքում ներկայացրել ենք բազմաթիվ միջնորդություններ՝ ենթադրյալ մեղավորների հայտնաբերման ու Արսենի մահվան իրական հանգամանքների բացահայտման վերաբերյալ:

Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէ տեղաշարժ դեռևս չկա։

Ավելի՛ն, բացարկ ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որի արդյունքում գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն:

Ավելի՛ն, Արսենի հոր՝ Արթուր Մխիթարյանի հետ հանդիպել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու զինվորական դատախազին:

Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ իմ կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի։

Վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կրկին անգամ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի վարույթն այլ մարմնի հանձնարարելու համար, ինչը բավարարվել է, և գործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությանը:

Եվ ի՞նչ… Այսօր ստացվել է քննիչի ծանուցումը, որից պարզ է դարձել հետևյալը.

Դեռևս հինգ ամիս առաջ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՛՛Հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին՛՛, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո՛՛ ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հոգեբուժական հանձնաժողովի փորձագետներին:

Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի կողմից 2017թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է գրություն, որ փորձաքննությունը կարող է կատարվել միայն 2018թ. ապրիլ ամսից հետո:

Քննիչին այլ բան չի մնացել, քան նշանակել նոր փորձաքննություն՝ այն հանձնարարելով այլ մասնագիտական հիմնարկների:

Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակելը, հնարավոր չէ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ 5 ամիս ժամանակ վատնելուց հետո կրկին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին, որի արդյունքները, Աստված գիտե, թե երբ կստացվեն:

Արդյունքում, այսպիսի անպատասխանատու վարքագծի դրսևորման պայմաններում ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն այս համակարգի նկատմամբ:

Վերջիվերջո, խոսքը զինվորի ողբերգական մահվան մասին է:

Այսպիսի իմիջիալյոց, գործի նկատմամբ մատների արանքով նայելու տխրահռչակ գործելակերպը մարդկանց մոտ ծնում է օբյեկտիվ դժգոհություն, ավելին՝ մարդիկ սկսում են ոչ միան չհավատալ, այլև արձանագրել, որ այստեղ միտում ու շահագրգռվածություն կա՝ գործը չբացահայտելու:

Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ արդեն իսկ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։

Կորցնելով իրենց որդուն՝ նրա ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։

Այդ նպատակով էլ հենց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։

Այսպիսի գործելակերպով Դուք միայն հիմնավորում եք, որ այս գործի նկատմամբ ցուցաբերում եք  անպատասխանատու մոտեցում, և Ձեր համար զինվորի ողբերգական մահը գրոշի արժեք չունի:

Բացահայտե՛ք Արսենի մահվան հանգամանքները, և պատժե՛ք բոլոր մեղավորներին, պարոնա՛յք…

Փաստաբան Նորայր Նորիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031