Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկին նամակով կոչ է արել Հայաստանին ու ևս 4 երկրների՝ չմիջամտել երկրի ներքին գործերին՝ կապված Պրահայի 6-րդ թաղամասում Խորհրդային Միության մարշալ Կոնևի արձանի մոտ նոր ցուցատախտակի տեղադրման հետ:
2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները նամակ էին հղել Չեխիայի ԱԳՆ-ին՝ նշելով, որ ցուցատախտակի տեղադրումը նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:
Պրահայի իշխանությունները ցանկանում են հուշարձանի մոտ տեղեկատվական ցուցանակ տեղադրել, որտեղ նշված կլինի մարդկության դեմ ռուս մարշալի կատարած հանցագործությունները, մասնավորապես՝ Հունգարիայում (1956թ.) և Չեխոսլովակիայում (1968թ.) տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, երբ խորհրդային բանակը զենքով ճնշեց ժողովրդական ապստամբություններն ու ժողովրդավարական շարժումները:
«Նախ, կցանկանայի հստակեցնել մեր պայմաններում տեղական իշխանությունների դիրքորոշումը: Նրանք միանգամային առանձին հաստատություն են՝ ընտրված քաղաքացիների կողմից, ունեն իրենց գույքը և բյուջեն, և մեր ժողովրդավարության գլխավոր հիմնասյուներից են: Հաշվի առնելով այս փաստը՝ Նախարարությունը՝ որպես պետական իշխանության գործադիր մարմին, չի կարող միջամտել Պրահա 6-ի ինքնակառավարման մարմնի որոշմանը: Իվան Կոնևի արձանը պատկանում է քաղաքի այդ թաղամասին, և նա էլ որոշում է դրա ճակատագիրը»,- ասվում է նախարարի նամակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ