Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժած գյուղացիներից հողի հարկ չվերցնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը մերժվեց

Հունվար 11,2018 18:07

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ծառուկյան խմբակցության պատգամավորների նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին:

Նախագծի հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձերը, այգիները, որոնք կարկուտից, երաշտից, ցրտահարությունից առնվազն 40 տոկոսով վնասվել են, կոնկրետ մեկ տարով նրանց ազատեն հողի հարկից: Նրա խոսքով՝ բնական աղետների պատճառով գյուղացին արդեն տուժում է, եւ հարկային պարտավորության ենթարկելն անընդունելի է, առանց այն էլ նրանք վարկեր են վերցնում եւ մեծ խնդրի առաջ կանգնում, մի հատ էլ հողի հարկն է:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ պետական բյուջեն վնասներ է այդպես կրելու եւ պետությունը արդեն փոխհատուցում է վնասները: Նոր արտոնությունը ինչքանո՞վ է նպատակահարմար: Ըստ նրա, հարկային փոփոխությունների փոխարեն ավելի ռացիոնալ չէ՞ հակակարտային կայանների հարցը լուծել. «Եթե առաջարկում եք տեղական իշխանության բյուջեն նվազեցնելով արտոնություն սահմանել, ստացվում է, որ կառավարությանը պարտադրում եք երկրորդ նույնատիպ ծախսերը կատարել, քանի որ ունի պարտավորություն գյուղատնտեսական վնասներից սոցիալական խնդիրը լուծել»:

Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ մարդիկ արտագաղթում են, հիասթափվում են, այսպես կզգան, որ պետական քաղաքականություն կա: Ըստ Էնֆիաջյանի, մարզպետը չպիտի կամայական որոշի, թե որ գյուղացին դրանից օգտվի, որը՝ ոչ, հստակ մեխանիզմներ են իրենք սահմանել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ մարդիկ կան՝ հողը չեն մշակում, եկամուտ չունեն, բայց հողի հարկ են վճարում, այդ դեպքում ի՞նչ անեն: «Ի՞նչ տարբերակում դնենք այդ մարդկանց մոտ՝ մեկը մշակել, վնաս է կրել, մյուսն էլ ընդհանրապես հնարավորություն չունի մշակելու»: Էնֆիաջյանը պատասխանեց, որ հողը մշակողը վարկ է վերցնում, մշակում է, աղետներից տուժում է ու տոկոս ու վարկ է վճարում:

Կառավարությունը գտնում է, որ այդպես անարդարացի մոտեցում է ցուցաբերվում երկու գյուղացիների նկատմամբ, խտրական մոտեցում է ստացվում ու բացի այդ, եթե կա հարկման օբյեկտ, ուրեմն պետք է վճարվի: Ըստ կառավարության ներկայացուցիչ Դավիթ Անանյանի, այս նախագիծը նպատակահարմար չէ ընդունել, քանի որ պետությունը սուղ միջոցներ ունի:

Իսկ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հակադարձեց՝ ասելով, որ քանի դեռ պետությունը վնասների ապահովագրությունը, շատ այլ հարցեր չի հասցրել անել, մարդը ունի ուղեղ եւ կարելի է այսպես ընդառաջել. «Կանենք այսպիսի մի քայլ՝ գյուղացին կարող է որոշակի վստահություն ունենա, որ ինքը պետության կողմից անտեսված չէ: Դուք ինձ հստակ ասեք՝ երբ ֆորս-մաժորային իրավիճակ է լինում, պետությունը կարո՞ղ է կատարյալ փոխհատուցել այն վնասները, ինչ լինում է»: Անանյանը պատասխանեց, որ փոխհատուցում տրվում է, թե քանի տոկոսով՝ կախված է իրավիճակից. «Փոքր են, բան չունեմ ասելու, տարեկան 1-1.5 մլրդ-ի չափով գումար է հատկացվում պահուստային ֆոնդից»: Մելքումյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ նույնիսկ ստրկատիրական հասարակարգում մարդկանց ժամկետ են տվել, սնունդ են տվել, որ ինքը վերականգնվի:

Ի վերջո նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031