Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆ Ինթերնեյշնլը» կողոպուտից տուժած հաճախորդներին փոխհատուցման պայմաններ է առաջարկել

Հունվար 11,2018 18:15

Այսօր վաղ առավոտից «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի դիմաց ու մասնաճյուղի ներսում հերթեր են գոյացել: Պատճառն այն է, որ դեկտեմբերի 31-ի լույսի հունվարի 1-ի գիշերը մասնաճյուղից կատարված գողությունից տուժած հաճախորդներին, երեկ կազմակերպության կողմից ուղարկվել են հաղորդագրություններ, որտեղ նշված է եղել, որը բանկում գրավ դրված ոսկյա իրերը հայտնաբերվել են, կամ ոչ:

«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Քուչուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 10-ին իրավապահ մարմիններից ստացել են տեղեկատվություն, եւ արդեն ունեն նախնական ցանկ, թե որ հաճախորդների ոսկյա իրերն են հայտնաբերվել. «Եթե ոսկին գտնվել է հաճախորդը կարող է ինքը որոշել ինչ անել եւ ինչ գործողությունների դիմել: Իսկ եթե չի գտնվել, ապա ամսի 8-ից փոխհատուցման կարգով մենք շարժվում ենք առաջ: Եթե մարդը համաձայն է ստանալ փոխհատուցում՝ նա ստանում է: Պայմանագրում կա նաեւ կետ, որ եթե ոսկին հետագայում գտնվում է, ապա հաճախորդն իրավունք ունի այդ փոխհատուցումը հետ բերել եւ ստանալ իր ոսկին»:

Արսեն Քուչուկյանի խոսքով հաճախորդներին փոխհատուցում տրվում է գնահատված ակտին համարժեք դրամի չափով:

Վարդուշ Բաղդասարյանը կազմակերպության այն հաճախորդներից է, ով եւս տուժել է կողոպուտի արդյունքում: Նրան պատկանող 55 գրամ ոսկյա զարդերը, որը գրավ դնելիս հաշվարկվել է 600.000 դրամ, չեն հայտնաբերվել: Տիկին Վարդուշն ասում է, որ հույս էլ չունի, որ երբեւէ կարող է վերադարձնեն. «Ինձ հաղորդագրություն եկավ, որ ոսկեղենս չկա, չի գտնել: Հիմա եկել ենք, որ մտնենք նոր կառավարիչի մոտ, որ տեսնենք ինչ կասեն: Առաջարկում են փոխհատուցում, որ մուծած գումարը ինչ-որ Արդշինբանկից պետք է վերցնենք: Կամ էլ ասում են մուծումները նորմալ կատարենք, որից հետո կորոշվի, եսիմ: Իսկ երրորդ պայմանն այն է, որ եթե ոսկեղենը գտնվի ձեզ կտեղեկացնենք…Ոչ էլ գտնվելու է անհույս վիճակ է»:

Հիշեցնենք, որ մասնաճյուղի դրամապահոցից հափշտակվել էր մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդեր, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար: Իսկ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էր գողոնի մի մասը՝ մոտ 90 մլն դրամի ոսկյա զարդեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031