Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստում, որը նախագահում է դատավոր Վաչե Մարգարյանը, այսօր ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն ինքը միջնորդություն ներկայացրեց՝ կաշառքի ահազանգի հետքերով ԱԱԾ կողմից կատարած օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրության առնչությամբ նշանակել դատաձեռագրաբանական հետազոտություն՝ պարզելու համար՝ այդ փաստաթղթի էջերից մեկում առկա Իշխան Բարսեղյանի ստորագրությունն արդյոք դրվել է անձամբ նրա՞ կողմից, թե՝ ոչ:
«Այդ ստորագրությունն իմը չէ, ես այդպես չեմ ստորագրում: Ինձ նման բովանդակության արձանագրություն չի էլ ներկայացվել: Եթե ես ստորագրած լինեի, բնականաբար, պետք է ծանոթացած լինեի արձանագրության բովանդակությանը»,-հայտարարեց նախկին դատավորը: Նա նշեց, որ այդ արձանագրությունը կազմելուն ներկա չի եղել կաշառքի մասին հաղորդում տված Նորիկ Հակոբյանը, ինչը նա հաստատել է դատարանում տրված ցուցմունքում: «Փաստաթղթի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Բարսեղյանը: Նա ասաց՝ ենթադրում է, որ կեղծիք է եղել:
Այս գործով մեղադրող-դատախազ Կարեն Չիլինգարյանը միջնորդության դեմ առարկեց՝ նկատելով, որ նշյալ արձանագրության փաստաթուղթն իրենից ներկայացնում է ոչ թե դատավարական գործողություն, այլ օպերատիվ-հետախուզական գործողություն. «Անգամ եթե այդ գործողությունն իրականացող անձը միայն ստորագրած լիներ, արձանագրությունը վիճարկելու հիմք, ըստ օրենքի, միեւնույնն է՝ չէինք ունենա»:
Դատավոր Վաչե Մարգարյանն ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի նշյալ միջնորդության քննությանը կանդրադառնա հաջորդ նիստում՝ հունվարի 18-ին, 14:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ