Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք Էդուարդ Շարմազանովը չի՞ խոստովանում, որ պետական պաշտոնյաները մաքուր չեն և խաչով պետք է մաքրվեն». Ավետիք Իշխանյան

Հունվար 11,2018 17:25

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ այն, որ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե «ինչքան իշխանավորները, քաղաքական էլիտան եկեղեցու եւ խաչի հետ շփվեն եւ հպվեն, այնքան կմաքրվեն», դրանով, ըստ էության, Շարմազանովը  խոստովանում է, որ պետական պաշտոնյաները մաքուր չեն և խաչով պետք է մաքրվեն:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իշխանյանը հարցրեց՝ արդյոք աշխարհիկ պետության բարձրաստիճան պաշտոնյաները պե՞տք է որևէ կրոնի, եկեղեցու նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենան: Պարոն Իշխանյանը նշված հարցում այսպիսի մոտեցում ունի. «Կարող են նրանք՝ որպես անհատներ ունենալ այդ վերաբերմունքը, բայց անընդունելի է այն, որ հրապարակային տարբեր ձևերով նրանք ցուցադրում են իրենց հատուկ վերաբերմունքը հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»:

Պարոն Իշխանյանն այս առիթով նկատեց. «Արդյոք չկա՞ն այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանում, որոնք, օրինակ, Ավետարանական եկեղեցու հետևորդներ են, բայց նրանք արդյոք կհամարձակվե՞ն ցուցադրական գնալ Ավետարանական կամ այլ եկեղեցիների ծեսերին, կամ արդյոք պետական պաշտոնյաների մեջ չկա՞ն անհավատներ, աթեիստներ, բայց նրանք արդյոք կհամարձակվե՞ն հրապարակային խոսել այդ մասին, քանի որ սա պետական քաղաքականություն է»:

Անդրադառնալով պարոն Շարմազանովի դիտարկմանը՝ «իսկ հավատալ-չհավատալը ընկալման խնդիր է՝ մարդ կա աթեիստ է, մարդ կա իր փողին է հավատում, մեկը իր հաստ վզին է հավատում, մեկը իր ջեբի միլիոններին է հավատում, մեկը իր արտասահմանցի հովանավորին է հավատում, մեկն էլ իր գրանտներին է հավատում, մեկ ուրիշն էլ Աստծուն է հավատում՝ ինչպես ես», պարոն Իշխանյանը նշեց, թե հասկանալի է, որ պարոն Շարմազանովն ակնարկում է իրավապաշտպան Արթուր Սաքունցին և արձագանքեց. «Ես ճանաչում եմ Արթուր Սաքունցին և գիտեմ, որ նրա շրջապատում չկան ո‛չ փողասերեր, ո‛չ այն տիպի մարդիկ, որոնց մասին Շարմազանովն է ակնարկում: Կոռուպցիոներները, միլիոնատերերն ամբողջ իշխանության, նույն Շարմազանովի շրջապատում են: Գրանտների մասին ակնարկն էլ է հասկանալի: Եթե գրանտներին այդքան դեմ է և չի սիրում պարոն Շարմազանովը, ապա այն գրանտները, որոնք ստանում է պետությունը և վավերացվում է ԱԺ-ի կողմից, ես չգիտեմ որևէ դեպք, որ պարոն Շարմազանովը «դեմ» քվեարկած լինի: Այդ թվում նաև ԵՄ համաձայնագրին, որով նախատեսված է գրանտներով և բյուջետային աջակցություն ցույց տալ ՀՀ-ին: Արդյոք պարոն Շարմազանովը դե՞մ է այդ գրանտներին, թե՞ նա նույնպես սիրում է գրանտները»:

Պարոն Շարմազանովի այն դիտարկմանը, թե «ես առաջին տարին չի, երրորդ տարին է՝ խաչքավոր եմ: Երեք տարի էլ նույն ձեւ, նման շորերով… անցյալ տարի եղել եմ Ախթալայում, 3 տարի առաջ էլ եղել եմ Դղերի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, նո՞ր իմացաք, որ խաչքավոր եմ», պարոն Իշխանյանն արձագանքեց. «Խաչքավոր կարող է լինել երեք տարի, բայց ցանկալի կլիներ, որ նա լիներ ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես հայ եկեղեցու հավատացյալ: Պետական պաշտոնյան դրանով ցուցաբերում է իր հատուկ վերաբերմունքը մի կրոնի նկատմամբ, ինչը բացասական ազդեցություն կարող է լինել ՀՀ-ի բնակչության, այդ թվում տարբեր կրոնների հետևորդների, աթեիստների նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031