Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղք եք, խղճում եմ ձեզ». կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորի նյարդերը տեղի տվեցին

Հունվար 11,2018 17:11

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական  դատական նիստում այսօր նրա շահերի պաշտպանները մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրին՝ դատարանից պահանջելով պաշտպանական կողմին տրամադրել այն նյութերը, որոնք ԱԱԾ-ն ժամանակին ներկայացրել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Իշխան Բարսեղյանի հանդեպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ (ՕՀՄ՝ հեռախոսազանգերի գաղտնալսում) անցկացնելու մասին թույլտվություն ստանալու համար: Խնդիրն այն է, որ ըստ պաշտպանական կողմի՝ ԱԱԾ-ն ՕՀՄ-ներ է կատարել մեկ փաստի՝ Նորիկ Հակոբյանի հաղորդման հիման վրա, իսկ մեկ փաստի հիման վրա ՕՀՄ անցկացնելն օրենքի խախտում է:

Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններից փաստաբան Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ըստ Նորիկ Հակոբյանի հաղորդման՝ Իշխան Բարսեղյանը ոչ թե անձամբ է պահանջել Հակոբյանի օգտին դատական ակտ կայացնելու համար հազար ԱՄՆ դոլար տալ իրեն, այլ դա արվել է ոմն Էլզայի (գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանը, որը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ) միջոցով. «Նորիկ Հակոբյանը չի ասել, որ անձամբ Իշխան Բարսեղյանն է պահանջել այդ գումարը: Նա ասել է, որ ոմն Էլզայի միջոցով է տեղեկացել, որ Բարսեղյանը գումար է պահանջում: Երրորդ անձի կողմից տեղեկություն ստանալու հիմքով ԱԱԾ-ն իրավունք չուներ ՕՀՄ իրականացնել»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ԱԱԾ ունեցած տեղեկությունները գաղտնի չեն եղել եւ դատարանը պարտավոր է այդ նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:

Իշխան Բարսեղյանի մյուս պաշտպաններից Արա Ղազարյանն էլ մատնանշեց. «ԱԱԾ-ն ունեցել է մեկ փաստական տվյալ՝ Նորիկ Հակոբյանի հաղորդումը: Մեկ փաստի հիման վրա կոպիտ եւ գռեհիկ կերպով որոշել է ներխուժել անձի անձնական կյանք՝ քմահաճորեն: Չի կարելի նման կերպ ներխուժել անձնական տիրույթ: Կամ ԱԱԾ-ն այլ տվյալներ է ունեցել, որը մենք պահանջում ենք մեզ տրամադրել, կամ ոչ: Եթե չի ունեցել, ուրեմն խախտել է օրենքը»:

Դատավոր Վաչե Մարգարյանը քննելով նշյալ միջնորդությունը, որոշեց այն մերժել: Սա զայրացրեց ամբաստանյալ Իշխան Բարսեղյանին: Նախկին դատավորի նյարդերը տեղի տվեցին: «Մեղք եք, խղճում եմ ձեզ»-տեղից՝ առանց դատավորի թույտվության, խոսեց նա:

Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար դատավոր Վաչե Մարգարյանը նրան ենթարկեց սանկցիայի՝ նախազգուշացման տեսքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031