Հունվարի 6-ին Իջեւանի «Աղայա» անտառամասում հնչած կրակոցի հետեւանքով զոհվել է Իջեւան քաղաքի բնակիչ 56-ամյա Կառլեն Մարկոսյանը: Վերջինս իր եղբոր, եղբոր որդիների եւ Իջեւանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ նապաստակի որս են արել: Ս. Մատինյանը մահացած Կառլեն Մարկոսյանի եղբոր խնամու տղան է:
Ս. Մատինյանը ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ որսորդական հրացանից պատահաբար կրակ է արձակվել, որի հետեւանքով Կ. Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի («Սպանությունը») հատկանիշներով: Հետո քրեական գործի հոդվածը փոխվել է, Ս. Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով («Անզգուշությամբ մահ պատճառելը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջեւանի բաժնի քննիչը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ս. Մատինյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Ս. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ