Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում ՀՀԿ-ին

Հունվար 11,2018 16:45

ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար բացարձակ հասկանալի չէ, թե ինչու նախորդ գումարման ԱԺ-ում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը «թեւածեց քառօրյայից քառօրյա եւ այդպես էլ չընդունվեց, թեեւ ավելի խիստ ու անհրաժեշտ շեշտադրումներ ուներ»:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2014 թվականին Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագծին: Քննարկումները բուռն էին: «Եթե խորհրդարանական մեծամասնությունը կարծում է ոլորտը իրենց մենաշնորհն է, մենք խնդիր չունենք»,-իր վրդովմունքն արտահայտեց Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը «Ծառուկյան» խմբակցությանը խորհուրդ տվեց խնդրի մասին խոսելով ամբողջությամբ հղում անել. նա հիշեցրեց` նույնաբովանդակ նախագիծ նախորդ գումարման խորհրդարանում ներկայացրել էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորական ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նախագիծն այդ պահին, այդ ձեւով չէր կարող ընդունվել, քանի որ պատմագիտական փաստերի խառնաշփոթ էր, որեւէ երկրի խորհրդարանին պատիվ չէր լինի այդ հայտարարությունն ընդունել:

Սամվել Ֆարմանյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը պատմագիտության, բարոյական եւ քաղաքական պարտավորություն ունի ակտիվ պայքարի հիմքերից հանդես գալ, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ: Իր կուսակիցների հեղինակած նախագիծը ինքը համարում է հավասարակշռված:

Այս հարցն այսօր քննարկվում էր նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում, քանի որ հայտարարությունն առնչվում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձեւերին: Եվրաինտեգրման հանձնաժողովը եւս գլխադասային հանձնաժողով է:

Այս հանձնաժողովը եւս միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031