Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ» գործարանում քիմիական նյութերի պահպանման անվտանգությունը բարձրացնելու խնդրով Երևան քաղաքի դատախազը դիմել է ՀՀ ԱԻ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին

Հունվար 11,2018 16:32

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ: Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դեպքի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, որոնց հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետևանքով առաջացած հրդեհը ծանր հետևանքների չի հանգեցրել, 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված ծանր հետևանքի վրա հասած չլինելու պատճառաբանությամբ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ «ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 23-ի՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում և «ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» թիվ 165-Ն որոշման համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվել՝ տեխնոլոգիական համակարգերում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել Երևան քաղաքի դատախազությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031