Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց (Տեսանյութ)

Հունվար 11,2018 15:34

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է Նորիկ Հակոբյանից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:

Այսօր Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններից փաստաբան Վարդուհի Էլբակյանն ընթերցեց նրա միջնորդությունը, որով Բարսեղյանն ինքնաբացարկ է հայտնում իր գործը քննող դատավոր Վաչե Մարգարյանին:

Միջնորդության մեջ ասվում է, որ դատավարությունն ընթացել է դատավարական կոպիտ խախտումներով, ընդ որում, ըստ պաշտպանական կողմի, հենց առաջին նիստերում դատավորը անհիմն կերպով մերժել է իրենց ներկայացրած բոլոր միջնորդությունները: «Դատարանը չի հետազոտել Բարսեղյանի մեղադրանքի հիմքում ընկած բոլոր ապացույցները: Մենք չորս միջնորդություն ենք մինչ օրս ներկայացրել, որոնք դատարանը մերժել է՝ բացառիկ նույն պատճառաբանությամբ՝ «անհիմն են»… Մեր համոզմամբ՝ դատարանը չի էլ քննել այդ ծավալուն եւ փաստարկված միջնորդությունները: Նման վարքագիծը խոսում է դատավորի՝ գործի ելքով կաշկանդված լինելու մասին: Դուք կողմնակալ եք եւ կաշկանդված»,-հայտարարեց Վարդուհի Էլբակյանը:

Միջնորդության առնչությամբ մեղադրյալ Իշխան Բարսեղյանն ասաց. «Ակնհայտ հիմնավորված միջնորդությունները մերժվել են ապօրինաբար»:

Այս գործով մեղադրող-դատախազ Կարեն Բիշարյանը համոզմունք հայտնեց, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման. «Այն կառուցված է այնպիսի պատճառաբանությունների վրա, ըստ որոնց՝ դատավորը պաշտպանական կողմի միջնորդությունները մերժել է: Բայց դատարանի որոշումները չեն կարող դատավորի անաչառությունը կասկածի տակ առնելու հիմք հանդիսանալ»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ այս գործը շարունակելու է քննել դատավոր Վաչե Մարգարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031