Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի վրա ընդամենը 1-2 դրամով պիտի ազդեր (Տեսանյութ)

Հունվար 11,2018 15:18

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անդրադարձավ գյուղմթերքների թանկացումներին:

Մակարյանը նախ հիշեցրեց ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունն ու տրված հանձնարարականները, եւ վստահեցրեց՝ առաջիկայում կներկայացվի սոցիալական նշանակություն ունեցող գյուղմթերքների ցանկը եւ համալիր ծրագիր՝ տեղական արտադրության խթանման եւ դրանք ներմուծման փոխարինման ուղղությամբ:

«Թանկացումներն ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Եղել են ապրանքներ, որոնք թանկացել են, բայց կան նաեւ բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք էժանացել են՝ երբ համեմատում ենք 2017-ի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի հետ: Տարին չորային էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային, ուստի որոշ գյուղմթերքների գները բարձրացել են: Բայց սա կարծում եմ ժամանակավոր երեւույթ է, որովհետեւ նույն կարտոֆիլի հետ կապված, գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին: Բայց գյուղացիական տնտեսություններն ունեն ամբարված բերք, այդ ապրանքը կմտնի շուկա եւ գների էժանացում կլինի»,-վստահեցրեց փոխնախարարը:

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարը հանդիպելու է պանիր արտադրող եւ թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ըստ Մակարյանի, հանդիպելու են, որպեսզի հասկանան գների փոքր տատանումների պատճառը. «Օրինակ՝ պանրի մասով մի քանի տոկոս տատանում կա, պետք է հասկանանք խնդիրը ո՞րն է, որպեսզի կարողանանք իրավիճակը վերահսկել եւ կառավարել: Եղել է տավարի մսի թանկացում, սա մենք հիմնականում կապում ենք էլի երաշտի հետ: Սրա բացատրությունը կապված է կերի թանկացման հետ: Բացի այս, 2017-ին 2016-ի համեմատ ավելի քան 10 անգամ կենդանիների արտահանման ծավալները ավելացել են: Այստեղ ոչ թե շուկայի ազդեցության խնդիրն է, այլ հոգեբանական: Այսինքն՝ երբ գյուղացիական տնտեսությունները տեսնում են պահանջարկ կա՝ գները բարձրացնում են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Դիզվառելիքի թանկացման վերաբերյալ էլ փոխնախարարն ասաց, որ եթե պարզվի դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն է ունեցել գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա նախարարությունը սուբսիդավորման ծրագիր է մշակելու. «Բայց այսօրվա հաշվարկներով դիզվառելիքի ներկայիս թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի թանկացման վրա: Մեր հաշվարկներով լոլիկի եւ խաղողի, կարտոֆիլի մասով դա մինչեւ 1-2 դրամի սահմաններում պետք է ազդի: Այսինքն՝ անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալական անապահով խավին աջակցելու համար կա նախագահի հանձնարարական՝ եթե ռիսկային լինի մենք պատրաստ ենք սուբսիդավորել»:

Ըստ Մակարյանի, պանրի թանկացումը կասկածելի է, կարծես թե դրա համար հիմքեր չկան, բայց ինչպես նա վստահեցրեց՝ պանրագործների հետ հանդիպումից եւ նրանց հիմնավորումները լսելուց հետո պարզաբանում կտրվի:

«Պանիրը 2017-ի դեկտեմբերը՝ 2016-ի դեկտեմբերի նկատմամբ 10%-ի սահմաններում է թանկացել, բայց կաթը ամռանն են մթերել, այդ ժամանակ կաթը եղել է բավականին էժան: Հիմիկվա կաթից ոչ ոք պանիր չի պատրաստում: Վերամշակողները պետք է պարզաբանեն սա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031