Հունվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։
Հանդիպմանը կողմերը միակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ թելերով են կապված միմյանց, իսկ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը խոսեց Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր հնարավորությունների մասին և նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ Իրանի համար մուտք գործելու դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ:
Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:
Դեսպան Չավամշահիդին իր հերթին նշեց, որ Իրանը, Հայաստանը և Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել՝ տրանսպորտային, էներգետիկ և բիզնես ոլորտներում՝ ավելացնելով որ այդ առումով խոչընդոտներ գոյություն չունեն։
Կողմերը նշեցին, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը կարող է Եվրոպան Ասիային կապող նոր և շատ կարևոր կամուրջ հանդիսանալ։
Դեսպան Սադոյանը ընդգծեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արազ» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև համագործակցության կարևորությունը:
Ռուբեն Սադոյանն Իրանի դեսպանի հետ խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը մշտապես հանդիպում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստն է։ Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։
Ռուբեն Սադոյանը նաև հետաքրքրվեց Իրանի ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձություններով՝ ընդգծելով այն կարևորությունը, որն ունի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն