Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Սա Հայաստան պետության վերաբերմունքն է, ոչ թե հայ ժողովրդի» (Տեսանյութ)

Հունվար 11,2018 14:36

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը վերապահումներ ունի իր կուսակիցների ներկայացրած նախագծի վերաբերյալ: Խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը` «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին»: Հայտարարությունը վերաբերում է 2014 թվականին, Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտելուն: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հավանության տվեց նախագծին: Քննարկումները, սակայն, հարթ չանցան:

Արտաշես Գեղամյանը գտնում է, որ հայտարարության տեքստում Իրաք պետությունն անտեսվել է:

Մանրամասները`տեսանյութում

Արտաշես Գեղամյանի հետ համամիտ է Կարեն Բեքարյանը: Նա նաեւ ասում է`չստացվի այնպես, որ «ցեղասպան գործողություն» արտահայտությամբ մեր եւ եզդի ժողովրդի համար բումերանգ ենք սարքում: Կարեն Բեքարյանը տպավորություն ունի, որ սարքում ենք: Այդ ձեւակերպմանը դեմ է նաեւ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը չհամաձայնեց. կարծում է, որ հենց վերնագիրը փաստում է այն, որ այս հայտարարությունը չպետք է վտանգի կամ կասկածի տակ դնի հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունները: Իրաքի Հանրապետությունը հիշատակելով, կարծում է, որ հանիրավի ներքաշում ենք այդ պետությանն ինչ-որ խնդիրների մեջ: Այս պատասխանը չբավարարեց ՀՀԿ-ական պատգամավորներին:

Հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Արմեն Աշոտյան էլ նկատեց` եթե մամուլը չլիներ, ավելի բաց կխոսեինք խնդիրների մասին: Նա համաձայն չէ Ռուստամ Մախմուդյանի հետ, որ սա հայ ժողովրդի վերաբերմունքն է: Ասում է`սա ՀՀ պետության եւ պետականության վերաբերմունքն է եզդի ժողովրդի հանդեպ:

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին էլ՝ ասաց, իր կարծիքով նախորդ օրինագծին հղումները պետք է այս նախագծի հիմնավորման մեջ լինի. «Սա որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ»: Հավելեց`նախագիծը կազմելիս երկար խոսել են ցեղասպանագետների հետ եւ համաձայնեցրել տերմինները:

Այլ մանրամասները`տեսանյութում

Առաջարկեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միանան այս նախագծին, քանի որ սա պետք է լինի կոնսենսուսի արտահայտություն: Իր համար ընդունելի է նաեւ Իրաքի հետ կապված Արտաշես Գեղամյանի դիտողությունը, քանի որ խոսքն իրաքի քաղաքացիների նկատմամբ կատարվածի մասին է: «Միաժամանակ լինել մարդասեր եւ քաղաքական`դժվար բան է: Բայց հակընդդեմ տեսակետ չկա, խնդիրը ավելի ամբողջական լինելու մեջ է»,- ասաց նա`հավելելով, որ այս հարցը Իրաքի խորհրդարանականների հետ քննարկվել է, դեռ կքննարկվի`փոխայցելության ժամանակ: Նրանք դրական են արտահայտվել:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին անդրադարձավ նաեւ նիստին ներկա ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ասաց` թեման լիովին համահունչ է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին`մարդու իրավունքներ եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանք: Նկատեց`արժե ուշադրություն դարձնել, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություն եզդիներն ու ասորիները չունեն պետություն, որը դրսից սատար կլինի: Այս իմաստով, այս նախագիծը լուծում է այդ հարցը: Կարծում է նաեւ, որ Իրաքի մասը պետք է նրբորեն արվի, որ Իրաքին չներքաշենք խնդիրների մեջ: Կարեն Բեքարյանն առաջարկել էր «համերաշխություն հայտնել» եզրույթն օգտագործել: Կարծում է՝ սա լավագույն մոտեցումը կլինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031