Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանն առաջարկում է վարչական տուգանքների կեսը վճարել՝ 8 օրվա ընթացքում. Նոր նախագիծ

Հունվար 11,2018 14:28

Այսօր ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու նախագիծ, սակայն, քանի որ նիստին չէր ներկայացել, հարցը չքննարկվեց:

Նախագծով Միհրան Պողոսյանն առաջարկում է, որ եթե վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողը հենց ծանուցվեց այդ մասին, 8 օրվա ընթացքում, վճարում կատարվելու դեպքում վճարվում է վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի կեսը՝ բացառությամբ սահմանված կարգով տարաժամկետված, գանգատարկված եւ (կամ) բողոքարկված վարչական ակտերի եւ որոշ դեպքերի:

ՀՀԿ-ականը իր ներկայացրած նախագիծը հիմնավորում է այսպես, որ հաշվի առնելով վարչական ակտերի քանակը, դրանցով նախատեսված տուգանքների չափերը, ինչպես նաեւ՝ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը եւ վճարողունակությունը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել բարենպաստ պայմաններ ստեղծել վարչական ակտերով նախատեսված տուգանքների վճարման հարցում։

Ըստ գործող օրենքի, խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է 15-օրյա ժամկետ։ Ըստ Միհրան Պողոսյանի ուսումնասիրության, որպես կանոն, տուգանքները սահմանված ժամկետներում չեն վճարվում, հետագայում դրանք բռնագանձելու համար վարչական մարմինները հայց են ներկայացնում դատարան, ԴԱՀԿ են դիմում: Պողոսյանը գտնում է, որ անհրաժեշտ է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց մոտ լրացուցիչ շահագրգռվածություն առաջացնել՝ տուգանքները վճարելու համար։ Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաեւ տուգանքները վճարելուց խուսափելու դեպքերով պայմանավորված՝ բազմաթիվ տուգանքներ տարիներով մնում են չվճարված։

Նախագծի հեղինակն ակնկալում է, որ իր առաջարկած փոփոխությունների արդյունքում, նախ, անկասկած, կավելանա տուգանքները վճարողների թիվը, երկրորդ՝ վճարված տուգանքների քանակը, երրորդ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե մուտքագրվող գումարների չափը, չորրորդ՝ կթեթեւանա վարչական պատասխանատվության ենթարկվածների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Արդյունքում՝ կթեթեւանա նաեւ ԴԱՀԿ-ի եւ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031