ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլահհ Ալ Էնեզին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է Գյումրիում ներդրում կատարել․ ինչ-որ բան կառուցել։ Գյումրու քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների բաժինն էլ մշակել է 3 ծրագիր՝ ուղարկելով կառավարություն, որպեսզի հաստատեն։ Ծրագրերից մեկը փայտյա տնակում գործող «Ծիածան» նախակրթարանի համար քարե շենքի կառուցումն է, մյուս երկուսը սպորտդպրոցների շենքերի կառուցումն է։
Այս մասին իր հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրեց Սամվել Բալասանյանը՝ մանրամասնելով, որ վերջերս Քուվեյթի դեսպանն այցելել է Գյումրի, ասել է, որ հիմնադրամ ունի ու կցանկանար օգնել այս քաղաքին։ «Մենք ծրագրերն արդեն ուղարկել ենք կառավարություն, ինչքանով հաջողություն կունենա, չգիտեմ, բայց ես կառավարության ղեկավարին էլ խնդրեցի, ասացի, որ այսպիսի ծրագիր կներկայացնենք, ասաց՝ ներկայացրեք, մենք կնայենք, իրենց հետ կպայմանավորվենք։ Կան հիմնադրամներ, որոնք փորձում են օգնել մեզ, եթե նույնիսկ իրենք առաջարկեն համաֆինանսավորում՝ 10 տոկոսի, 20 տոկոսի չափով, մեծ ուրախությամբ կմասնակցենք։ Ճիշտն ասած, ես փողոց չեմ սարքի, բայց այդ ծրագրերին գումար կտամ, որովհետև շատ կարևոր ծրագրեր են, պիտի կարողանանք ձերբազատվել այդ տնակային մանկապարտեզներից»։
Գյումրու քաղաքապետը նշեց, որ ներդրումներ կատարելու ցանկություն հայտնել են նաև Դուբայից։ Գյումրու քաղաքապետարանն էլ առաջարկել է տնակների մեջ գտնվող երկու նախակրթարան իրար միացնել ու 6 կամ 8 խմբանոց քարային մանկապարտեզ կառուցել, նույնիսկ տարածքն են առաջարկել։ Միավորվող նախակրթարաններն էլ պետք լինեն «Մարիամն» ու Ավտոկայանում գործող «Զանգակը»։ «Մինչև հիմա ձեն չեն հանել, բայց թե մի օր նորից կարող է արձագանք լինի», -հույս հայտնեց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ