Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետեւ, երբ անձին ձերբակալեն, պետք է բոլոր հիմքերը տրամադրեն, ոչ թե անկապ ձերբակալեն. Կոստանյանի առաջարկն ընդունվեց

Հունվար 11,2018 13:29

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ձերբակալման որոշման բողոքարկմանը: Ըստ նախագծի, անձին ձերբակալելիս պետք է ներկայացվեն պատճառները:

Հանձնաժողովի անդամ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ «Ձերբակալված անձին պետք է տրամադրել այն նյութերը, հիմքերը, որի համար նա ձերբակալվել է: Միայն պատճառները բավարար չեն, հստակ չի»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ մարդուն ձերբակալելիս պետք է ասվի, թե ինչ հիմքով, ով է ցուցմունք տվել, որ ձերբակալվի. «Ենթադրենք, ինձ մոտեցան եւ ասացին՝ այսինչը ցուցմունք է տվել, որ դուք իրեն ամսի 2-ին հարվածել եք այսինչ տեղում այսինչ ժամին, ես կարող եմ ասել՝ ամսի 2-ին ես երկրում չեմ եղել ու ցույց տամ անձնագիրս: Ես պետք է ունենամ հիմքերը, որ կարողանամ պաշտպանվել»:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ «հիմնավորված բողոքարկելու համար իմ իրավունքների խախտումը, ես պետք է ունենամ բոլոր փաստաթղթերը, որ կարողանամ հերքել: Եթե ես չգիտեմ ինչի հիման վրա ես իմ նկատմամբ հիմնավոր կասկած ձեւավորել, ես ո՞նց պիտի կարողանամ հերքել դա»: Ըստ նրա, մի քննիչը կարող է ասի՝ բավարար հիմք է այն, որ ձեզ ասվել է՝ ես ունեմ բավարար բացատրություններ, մի քննիչ կարող է այլ բան ընկալի սրա արդյունքում:

Արտակ Զեյնալյանն ասաց. «Բանավոր հայտարարությամբ հիմնավորում չի կարող լինել: Մարդուն պետք է հիմնավորումներ, փաստաթղթեր ներկայացնեն, այդ պահից սկսում է հոսել իր ժամկետը՝ բողոքարկման համար»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը բացատրեց. «Ես պիտի ունենամ այդ բացատրությունները իմ ձեռքի տակ, որ կարողանամ վիճարկել: Նախագծում չկա դա: Ըստ կառավարության, երբ անձը բողոքարկում է ձերբակալման որոշումը, քննիչը թող գնա հիմնավորի, բայց դա նշանակում է, որ բողոքը հիմնավոր չի, որովհետեւ ես հիմք չունեմ, ուղղակի ասում եմ՝ ես անմեղ եմ: Յուրաքանչյուր դեպքում, երբ անձը ձերբակալվում է, պետք է ե՛ւ ծանուցվեն պատճառների մասին, ե՛ւ դրա հիմքերը տան: Լավ է, որ ընդունեցին: Իմ առաջարկությունը դա էր՝ հիմքերը պիտի տաս մարդուն, որ իմանա՝ ինչի հիման վրա ես նրան ձերբակալել, որ կարողանա դա վիճարկել: Հիմքը կարող է լինել բացատրությունները: Իսկ կառավարության օրենքով ստացվում է, որ մենք ձեզ ասելու ենք՝ գիտեք ինչ կա, մենք տեղեկություն ունենք, որ դուք կատարել եք այսինչ հանցանքը ու բռնեն ձեզ տանեն: Ես առաջարկեցի եւ դա ընդունվեց, որ բացի դա ասելը, հիմքերը պետք է ներկայացվեն, որ, ասենք, Պողոսյան Պողոսի բացատրությունը սա է, սրա հիմքով ձերբակալում ենք…Զուտ կանխավարկածով, որ նա կարող է այդ հանցանքը կատարած լինել ու նրան ձերբակալել՝ այնքան էլ հիմնավոր չէր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031