Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե լավ, հազար հոգի մարդ ա զոհվել, ի՞նչ ցեղասպանություն». Խորհրդարանում հիշեցին Գուրգեն Արսենյանին

Հունվար 11,2018 13:23

«Կարեւոր է, նույնիսկ մի փոքր էլ ուշացած է»,- այսպես է բնութագրում ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը`խորհրդարանում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը` «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին»: Հայտարարությունը վերաբերում է 2014 թվականին, Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտելուն:

Նախագծի շուրջ բուռն քննարկումներ եղեն: Դրանք, սակայն, չէին վերաբերում եզդիների ցեղասպանության փաստին: Շիրակ Թորոսյանն, օրինակ, առաջարկում էր նախագծում զոհերի թիվ գրել: Ռուստամ Մախմուդյանի համար դա անընդունելի է: Ասում է, չի բացառվում, որ հետագայում եղբայրական գերեզմաններ հայտնաբերվեն. բա այդ ժամանակ ի՞նչ անել:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին ոչ այնքան ճիշտ թվաց «ցեղասպան գործողություններ» եզրույթը: Նա կարծում է, որ այդպիսով ամրագրում ենք, որ եղել են գործողություններ, որոնք ցեղասպանության տարրեր են պարունակել: Ինքը կարծում է՝ պետք է օգտագործվի «ցեղասպանություն» եզրույթը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ հինգերորդ գումարման խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ Թեւան Պողոսյանը հանդես են եկել Իրաքի եզդիների դեմ կատարվածը ցեղասպանություն որակելու նախաձեռնությամբ: Հայտարարության տեքստն ընդունվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ, բայց չի քվեարկվել: Իրենք այժմ էլ պաշտպանում են նախաձեռնությունը: Բայց կարծում են, որ պետք է նախորդին հղում անել: Ռուստամ Մախմուդյանը գտնում է, որ տարբերություններ կան նախագծերի միջեւ: Առաջարկեց հիմք ընդունել սա: Ինքը կարծում է սա ավելի ամբողջական եւ անխոցելի փաստաթուղթ է: Ուզում է, որ սա հայ ժողովրդի վերաբերմունքը արտահայտի:

Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց`նախորդ խորհրդարանում թեեւ ազգային փոքրամասնությունները ներկայացված չէի, բայց հայ ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտում էր: Նա ընթերցեց նույնիսկ որոշ դրվագներ`ապացուցելու համար, որ նախկին եւ ներկայիս հայտարարության տեքստերն արտացոլում են միեւնույն բանը:

Ռուստամ Մախմուդյանն էլ վկայակոչեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, որն իր կարծիքով՝ «զրոյացրել է» հինգերորդ գումարման խորհրդարանում չքվեարկված նախագծերը: Ու նկատեց`այժմ բոլոր չքվեարկված նախագծերը թարմացվում եւ ներկայացվում են: Ինքը չգիտե`ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը չի թարմացրել եւ բերել նախագիծը, ինքը սիրով կմիանար դրան: Բայց հիմա հորդորում է միանալ իր նախագծին:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ համամիտ է Վահե Էնֆիաջյանի հետ: Ասում է`այլապես, ստացվում է՝ «մենք ինքներս մեզ չենք հարգում»: Ու նկատում`իրավաբանական ձեւ պետք է գտնել երկու տեքստերը իրար կապելու:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ այն կարծիքին է, որ նախորդ նախագիծն ավելի կոնկրետ էր արտահայտում իրականությունը: Ռուստամ Մախմուդյանն ասաց`չի ցանկանում նախորդ խորհրդարանի գիրկն ընկնել, այլապես կհիշի, որ որոշ պատգամավորներ ասում էին`դե լավ, հազար հոգի մարդ ա զոհվել, ի՞նչ ցեղասպանություն:

Հիշեցնենք, խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին է վերաբերում, որոնք դեռ այն ժամանակ բուռն քննարկումների տեղիք տվեցին: Նա կարծում էր, որ այդ քայլը ՀՀ խորհրդարանի կողմից շտապողականություն է, մտավախություն ուներ, որ իսլամիստներին մեր դեմ կհանենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031