Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց մտադիր են դանդաղ մահվան տանել». «Սասնա ծռերը» բոյկոտեցին դատական նիստը (Տեսանյութ)

Հունվար 11,2018 12:37

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները հայտարարեցին, որ ի աջակցություն իրենց ընկերներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ լքում են նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, որոնք մեղադրվում են նաեւ ոստիկանների սպանության մեջ, քսան օրից ավելի՝ հացադուլի մեջ են եւ պահանջում են իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր ՔԿՀ», որտեղի պայմանները, նրանց պաշտպանների խոսքով, ավելի բարենպաստ են: Խնդիրը, սակայն, չի լուծվում, քանի որ պաշտպանների պնդմամբ՝ պետք է դատավոր Մեսրոպ Մակյանի համաձայնությունը, որն էլ իր հերթին է պնդում, թե դատավորը նման լիազորություն չունի:

«Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ նրանց մտադիր են դանդաղ մահվան տանել: «Սասնա ծռերն» անազատության մեջ են եւ պայքարի այլ տարբերակ չունեն, ուստի նիստը լքելով են աջակցություն հայտնում իրենց ընկերներին»,-դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ ասաց ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը:

Ապա ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը կրկին բոլորի անունից հաստատեց՝ իրենք հրաժարվում են իրենց պաշտպաններից եւ միտումնավոր լքում դահլիճը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նման բան չի թույլատրել եւ դատական նիստի կարգը խախտելու համար ամբաստանյալներին հեռացրեց նիստերի դահլիճից երկու ժամով: Նրանց պաշտպաններն էլ, ընդունելով իրենցից հրաժարումը, լքեցին նիստերի դահլիճը: Եվ քանի որ նշյալ սանկցիայի դեպքում պաշտպանների ներկայությունը պարտադիր է, նիստը հետաձգվեց, որպեսզի ամբաստանյալների համար նոր պաշտպաններ տրամադրի ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք անջատ մասերով, եւ նախորդ նիստերում մյուս ամբաստանյալները եւս, ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, տապալեցին նիստերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031