Լրահոս
Օրվա լրահոսը

Աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը կարգելվի

Հունվար 11,2018 12:35

Այսօրվա նիստում կառավարությունը որոշում ընդունեց ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը Հայաստանում:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ շահագործման արգելքը վերաբերում է միայն ապրիլի մեկից հետո ներմուծվող ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ ներմուծված ու շահագործված մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք՝ վաճառել կամ շահագործել:

Ըստ նախարարի՝ քանի որ Հայաստանում օրենքով աջակողմյան երթևեկություն է, ապա պետք է շահագործվեն ձախ ղեկով ավտոմեքենաներ, որովհետեւ աջ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում երթևեկության համար:

Նիստը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է հասկանում, որ որևէ քաղաքացի, որն այսօր ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում՝ կարող է և օգտագործել, և օտարել իր մեքենան: Նախարարը դրական պատասխան տվեց եւ ավելացրեց. «Մինչև ապրիլի մեկը ՀՀ մտած ու հաշվառված մեքենաների վրա ոչ մի սահմանափակում չի լինելու»:

Փոխվարչապետը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն փաստացի հիմքեր, որ աջ ղեկով մեքենաները խնդիրներ են առաջացնում երթևեկության համար, թե՞ մտահոգությունները զուտ տեսական են: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը մոտ 28%-ով ավելի է: Բացի դրանից, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների ժամանակ վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով ավելի է, որը դա շատ բարձր թիվ է: Այդ ամենից ելնելով, ըստ նախարարի, կառավարությունը որոշել է գնալ այդ ճանապարհով:

Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ եւ հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարության հաստատմանը, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031