Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Սուքիասյան. Ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար կամ վճարովի. «Հայկական ժամանակ»

Հունվար 11,2018 11:38

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը, կարող է միաժամանակ սովորել երկու բուհում, հեռակա ուսուցման ծրագիր այլեւս չի լինի, ընդունելության անցողիկ միավորները սահմանելու են բուհերը եւ այլն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը պարզաբանումներ ու մանրամասներ է ներկայացրել առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ օրինագծում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ:

Ընդունելության հետ կապված ի՞նչ փոփոխություն է լինելու: Այս իրավունքը վերադարձվելու է բուհերին եւ միասնական քննություններ չե՞ն կազմակերպվելու:

Ռ.Ս. – Ընդունելության մասով նույնպես որոշակի փոփոխություն է նախատեսվում: Նախ, բոլոր բուհերում, անկախ սեփականության եւ կազմակերպաիրավական ձեւերից, դիմորդները պարտադիր պետք է քննություն հանձնեն հայոց լեզու առարկայից: Հետագայում դա կլինի մրցութային, թե չի լինի, կորոշի բուհը՝ մասնագիտությունից ելնելով:

Նաեւ նախատեսված է, որ ամեն դեպքում դիմորդները, այսօրվա տերմինալոգիայով ասած, կմասնակցեն միասնական քննությունների: Ստացած հավաստագրով յուրաքանչյուր դիմորդ կդիմի իր նախընտրած բուհը՝ նախընտրած մասնագիտությամբ: Մրցույթը կիրականացնի բուհը: Բուհերը կարող են նախապես որոշակի շեմեր հայտարարել, որ այսինչ մասնագիտությամբ ընդունելու ենք ենթադրենք 15 միավորից բարձր միավոր ունեցող դիմորդներին:

Այս ամենի հետ մեկտեղ նաեւ որոշակի փոփոխություններ կլինեն  ֆինանսավորման մասով: Այսինքն՝ ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար կամ վճարովի: Կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված: Եվ եթե ուսանողը բավարարի այդ չափանիշներին, պետության կողմից կստանա ամբողջական կամ մասնակի փոխհատուցում: Փոխհատուցումը կլինի առաջին կուրսից: Ընթացակարգերի, մեխանիզմների մշակումը վերապահվել է կառավարությանը՝  կրթաթոշակ ստանալու համար դիմորդը որտեղ է դիմելու եւ այլն:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031