Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Անդրադարձ Իրանին առնչվող վերջին զարգացումներին. Տիգրան Դավթյան

Հունվար 11,2018 11:16

1.Իրանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Մոսկվայում, իսկ այնտեղից էլ պետք է մեկնի Բրյուսել․ բանակցությունների օրակարգում Իրանի ատոմային ծրագրի համաձայնագրի քննարկումն է (Joint Comprehensive Plan of Action-Совместный всеобъемлющий план действий)․ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի ամռան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոմիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի մասնակցությամբ, այժմ ԱՄՆ-ն ունի վերապահություններ և վաղը՝ ուրբաթ, նախագահ Թրամփը այդ առթիվ նոր հայտարարություն է կատարելու։

Ստորագրող կողմերը՝ ի բացառյալ ԱՄՆ-ի, բոլորը համակարծիք են, որ Իրանը կատարում է համաձայնագրի կետերով իրեն հանձնարարված պարտավորությունները և վերանայման հիմքեր չկան։ Այս համաձայնագրով վերացել են Իրանի դեմ միջազգային սանկցիաները , բայց ԱՄՆ կոնգրեսը նախագահին թույլ է տալիս յուրաքանչյուր 120 օրը մեկ անգամ վերանայել սանկցիաների բեկանման նպատակահարմարությունը։

Փորձագետների կարծիքով, վաղը ԱՄՆ-ն կվերահաստատի իր հավատարմությունը միջազգային այդ համաձայնագրի վերաբերյալ, բայց առանձին սանկցիաներ կկիրառի Իրանի հանդեպ։

Վաշինգտոնի առանձնակի բացասական կեցվածքի հիմքերը Կոնգրեսն արդեն իր երեկվա բանաձևով տվել է․այս նոր բանաձևը ակնարկելով Իրանի վերջին ցույցերին և քննադատելով դրանք սաստելու եղանակները, Իրանի հանդեպ կիրառում է տնտեսական նոր սանկցիաներ։

2. Իրանում մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հատուկ բանագնաց տիկին Ասեմե Ջահանգիրը, Իրանից ուզել է շուտափույթ զեկույց ներկայացնել վերջին ցույցերի ընթացքում ձերբակալված մոտ 3700 հոգու, ցույցերի ընթացքում սպանված 21 հոգու և մեկուսարաններում մահացած կալանավորների վերաբերյալ։ Տիկին Ջահանգիրը բացատրություն է պահանջել նաև «կանխարգելական կալանումների» մասին․դարձվածք, որ Իրանը օգտագործում է մի խումբ ուսանողների կալանման վերաբերյալ։ Տիկին Ասեմե Ջահանգիրը միաժամանակ օտար ուժերին հորդորել է չհրահրել իրավիճակը։

3. Իրանի վարձակալության տակ գտնվող «Սուեզմաքս» ընկերության նավթատարը պայթել է Չինաստանի ջրերում։ Նավթատարը իրանական 136,000 տոննա խտացված գազը փոխադրում էր Չինաստան և չորս օր առաջ բախվեց Հարավ Կորեական մի բեռնակիր նավի, որի հետևանքով նախ վնասվեց, իսկ երեկ երեկոյան ամբողջությամբ պայթեց։ «Սուեզմաքս» ընկերության նավթատարն ուներ 32 հոգուց բաղկացած անձնակազմ՝ 30 իրանցի և երկու բանգլադեշցի․մինչ այժմ գտնվել է մեկ աշխատողի դի, իսկ մյուսների ճակատագիրն անհայտ է։ Փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները։ Փոխադրվող խտացված գազի գինը գնահատվում է վաթսուն միլիոն ԱՄՆ դոլար, ևս վաթսուն միլիոն ԱՄՆ դոլար գնահատվում է նավի արժեքը։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031