Լրահոս
Օրվա լրահոսը

Օղակաձեւ այգում օբյեկտ են կառուցում. բնակիչները սարսափած են՝ «նորից կանաչ տարածքի հաշվին»

Հունվար 11,2018 14:30

Այս օրերին Օղակաձեւ այգում՝ Իսահակյան 35 հասցեում, ՍԱՍ սուպերմարկետի հետնամասում բուլդոզերներն ու այլ մեքենաներ ակտիվ աշխատում են: Այս տարածքի մի խումբ բնակիչներ Օղակաձեւ այգում բուլդոզերներ տեսնելով՝ ահաբեկվել էին: Նրանք ահազանգել են «Առավոտի» խմբագրություն եւ մտահոգություն հայտնել, որ կանաչ տարածքի հաշվին կրկին ինչ-որ օբյեկտ է կառուցվում: Մեր խմբագրություն դիմած քաղաքացիների պատմելով՝ «Առանց այն էլ, այս սիրուն այգին ավիրեցին, ծայրից ծայր սրճարաններ են, չեն կշտանում, էլի են ուզում մի բան կառուցել: Այս անկուշտ կառուցապատողներից հեռու չէ ծառ կտրելն ու տեղում շենք կառուցելը: Վերջերս ինչքան նման դեպքեր եղան»:

Բնակիչների կարծիքով՝ այդ տարածքում ՍԱՍ սուպերմարկետի սեփականատերն է շինարարություն իրականացնում, սուպերմարկետի տարածքն է ընդլայնում. «Մեր հարցուփորձերից պարզել ենք, որ ՍԱՍ-ն է մեծացնում խանութը: Մեզ էդպես են ասել»:
Նշված տարածք մեր այցելության ժամանակ կառուցապատողներն արդեն մի քանի ծառեր վերցրել էին թիթեղյա պատնեշի մեջ եւ ակտիվ աշխատանքներ էին իրականացնում: Թե ինչ է նախատեսվում այստեղ կառուցել՝ շինարարները չհստակեցրին, միայն ասացին՝ «օբյեկտ»: Աշխատանքային խմբի ղեկավարը կամ ինչպես շինարարներն էին նրան դիմում՝ «պրարաբը», մեզ վստահեցրեց, որ ոչ մի ծառ չի հատվելու, օբյեկտն այնպես են կառուցելու, որ ծառերին ու կանաչ տարածքին վնաս չհասցնեն:


Սակայն բնակիչներն այս վստահություններին չեն հավատում, մեզ հետ զրույցում նրանք այսպես արձագանքեցին. «Սկզբում մի բան են ասում, հետո ուրիշ բան անում»:
Իսահակյան 35 հասցեում շինարարություն է իրականացնում «Գրին Ֆլորա» ընկերությունը: «ՍԱՍ գրուպ»-ից «Առավոտ»-ին վստահեցրին, որ իրենք այդ շինարարության եւ նշված ընկերության հետ որեւէ կապ կամ առնչություն չունեն:


«Գրին Ֆլորա» ընկերության մասին համացանցում որեւէ տեղեկություն չկա՝ բացառությամբ Երեւանի քաղաքապետարանի՝ այս ընկերությանը արած «բարեգործության» մասին փաստաթղթից: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը 2016 թվականին «Գրին Ֆլորա» ՍՊԸ-ին լրացուցիչ 82.18 քմ հողամաս է տրամադրել, այդպիսով ընկերության զբաղեցրած ընդհանուր տարածքն այժմ կազմում է 1162.18 քմ: Այս նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ 1162.18 քմ հողատարածքը քաղաքապետարանն այս ընկերությանը վարձակալության է տվել մինչեւ 2050 թվականը: Ընդ որում, նշված հողատարածքում կառուցված է սրճարան, հասարակական նշանակության օբյեկտ:
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել ենք, թե այս ընկերությունը այս օրերին ինչ է նախատեսում կառուցել, արդյոք հաշվի առե՞լ են կանաչ տարածքն ու ծառերը՝ լրացուցիչ հողամասը տրամադրելիս, եւ որքան գումար է քաղաքապետարանի բյուջեին վճարում Օղակաձեւ այգում բիզնես ծավալող այս ընկերությունը:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից կրկին գրավոր տեղեկացրել են. «Համաձայնեցված հ.01/18-05/2-28694-326 աշխատանքային նախագծի եւ կառուցապատող «ԳՐԻՆ ՖԼՈՐԱ» ՍՊ ընկերությանը տրված հ.01/18-28694-388 շինարարության թույլտվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջան, Իսահակյան փողոց հ.35 հասցեում նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող տաղավարները եւ տեղում թեթեւ շինարարական կոնստրուկցիաներով իրականացնել մեկհարկանի՝ 270.0քմ մակերեսով, հասարակական նշանակության օբյեկտ՝ բացառելով կանաչ տարածքների հանդեպ որեւէ միջամտություն: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12102016-01-0067 վկայականի համաձայն՝ քննարկվող հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը վարձակալություն է, իսկ հողամասի մակերեսը՝ 1162.18 քմ: Ընկերությունը որպես հողամասի վարձակալության վճար տարեկան վճարում է 4 միլիոն 104 հազար 540 դրամ»:


Մինչդեռ քաղաքացիները թերահավատորեն են մոտենում քաղաքային իշխանության՝ կանաչ տարածքը չվնասելու մասին վստահեցումներին, աչքները վախեցած է, ասացին. «Էս իշխանությունների ոչ մի ասածներին չենք հավատում, էդ որ մի ասածն է ճիշտ եղել, որ հիմա սրան էլ հավատանք: Միշտ էլ էդպես է եղել՝ սկզբում քաղաքացիների գլխների տակ փափուկ բարձ են դնում, մեկ էլ գիշերով ծառերը կտրում, առավոտյան զարթնում ենք տեսնում՝ ծառերի տեղը արդեն օբյեկտի հիմքը գցած է: Սա էլ նույն ձեւ կլինի»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031