Լրահոս
Օրվա լրահոսը

90-ականների կամավորականներ, մենք ձեզ պարտք ենք

Հունվար 11,2018 14:00

Լուսանկարում պատկերված Շահո՝ Շահեն Մամյանի մասին կարդացել եմ «Առավոտի» առաջին խմբագիր, գրող, հրապարակագիր Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» վեպում, որը տպագրվել էր տասներկու տարի առաջ:

Հիսունամյա Շահեն Մամյանն իր 136 էջանոց ռազմաճակատային օրագիրն էր փոխանցել գրողին, որը փաստավավերագրական վեպի մի քանի էջում ներկայացրել էր նաեւ Շահենի պատմածը: Երեւանաբնակ կոթեցիների օգնությունը սահմանում կռվող կամավորականներին հասցնելու ժամանակ Վահագն գյուղում խորհրդային պարեկները տանկերով կանգնեցնում են Շահենենց «Ուրալը»: Եվ չնայած քսանհինգ ռուբլին ռուս պարեկը վերցնում է, գրպանում, սակայն թույլ չի տալիս վարորդ Համազ Սուքիասյանին շարունակել ճանապարհը:

Շ. Մամյանը պատմում է, թե ինչպես են ձեւ անում՝ իբր հետ են գնում, սակայն Դսեղ-Աթան-Լորուտ-Շամուտ գյուղերի սարերը բարձրանալով՝ փորձում են բեռը Ջուջեւան հասցնել: Պարեկները դարձյալ նկատում են «Ուրալը», բայց տղաները դեպի անտառ են շարժվում, ուր կանգնած էր մեկ այլ «Ուրալ»: Թաքցնելով անտառում իրենց մեքենան, նրանք կարողանում են բեռն անվտանգ հասցնել տեղ:

Զրուցակիցս՝ Շահեն Մամյանը, 75 տարեկան է, երկրորդ կարգի հաշմանդամ, ԵԿՄ անդամ:
Կենսաթոշակառուն, ինչպես նրա տարիքի շատ կամավորականներ, չունեն «Մարտական գործողությունների մասնակցի» վկայագիր, եւ լուրջ խնդիրների առաջ են կանգնում, երբ փորձում են այդ մասին բարձրաձայնել:

Նրանց համար կրկնակի վիրավորական է դառնում այն պահը, երբ ազատամարտին իրենց մասնակցության մասին մերժումներ են ստանում իրապես այդ ժամանահատվածը չապրած մեկի կողմից, որն օգտվում է այն հանգամանքից, որ այս կամավորականների մարտական ընկերներից շատերը չկան, զոհվել են կամ մահացել: Այս թվականներին կամավորագրվածներից շատերը ռազմաճակատային լուսանկար էլ չունեն, փոխարենը՝ առասպելաբանությունների նորօրյա հերոսները հարյուրներով նկարներ կարող են մատուցել, պատմություններ հորինել: Թացը չորի հետ վառվում է, փոշիանում է հիշատակը, ճիշտը:


Նման խնդրի առաջ անցյալ տարի կանգնեցին ոստիկանության նախկին աշխատակիցներից բաղկացած Սիսիանի վետերանները, որոնց, ի վերջո, աղմուկ չբարձրացնելու խոստմամբ, պաշտպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին հանձնեց այդ վկայագրերը:

Կոթեցի Շահեն-Շահո Մամյանն աշխատել է տրանսպորտային միլիցիայի վարչությունում, իսկ Արցախյան շարժման տարիներին «Էրեբունու» օդանավակայանի միլիցիայի բաժանմունքի ԲԽՍՍ-ի ավագ տեսուչն էր:


«Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը սկսեց նախապատրաստվել ինքնապաշտպանության: 1989թ. օգոստոսի 19-ին գյուղում կազմակերպված հանրահավաքի ժամանակ կազմվեց երեւանաբնակ կոթեցիների հանձնաժողով, որի նպատակը գյուղի համար անհրաժեշտ ապրանքներ հայթայթելն էր: Ինքնակամ հեռացա աշխատանքիցս, որպեսզի կարողանամ գյուղիս հետ լինել: Հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվել եմ հյուսիս-արեւելյան սահմանային՝ Բարեկամավան, Կոթի, Ոսկեւան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերի համար «Գվարզին» ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել այդ գյուղերի ինքնապաշտպանությանը: Հայտնվել եմ մի քանի անգամ ծուղակում եւ հրաշքով փրկվել»,-պատմում է զրուցակիցս: Ի դեպ, հրադադարից հետո ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հրամանով Շ. Մամյանը նշանակվել է Էրեբունու շրջանի ՆԳ բաժնին կից պահպանության բաժանմունքի կենտրոնական դիտակայանի պետ:

ԵԿՄ վարչության պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի բնութագի՞րն էլ «ասնավանի» չի ԵԿՄ անդամին մարտական գործողությունների մասնակցի վկայական տալու համար:
Մ.Գրիգորյանի պաշտոնական բնութագրի համաձայն, 1990-94թթ. Շահո Մամյանը «Գվարզին» ջոկատի կազմում կամավոր, ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, մարտադաշտում իրեն դրսեւորել է որպես համարձակ, օրինակելի զինակից ընկերոջ:
Շահո Մամյանի՝ պատերազմին մասնակցելու համար կա նաեւ համագյուղացիների կողմից տրված բնութագիրը, որը հաստատել էր դեռ տասը տարի առաջ Կոթի համայնքի ղեկավար Ֆ.Մելիքյանը: Հետեւաբար, ուրիշ ի՞նչ է պետք մասնակցի վկայագիր ստանալու համար:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031