Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուլղարա-հայկական հարաբերությունները զարգանում են վերաճով»

Հունվար 11,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի
արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան:

– Տիկին դեսպան, ուղիղ մեկ տարի է, ինչ Հայաստանում դեսպան եք նշանակվել, նախ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ առաջնահերթություններ եք առանձնացրել Ձեր գործունեությունում հայ-բուլղարական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

– Ես հնարավորություն եմ ունեցել կիսելու կարծիքս նաեւ Ձեր այլ գործընկերների հետ այն կապակցությամբ, որ բուլղարա-հայկական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքերի վրա եւ ունեն հարուստ ավանդույթներ: Դրա պատճառը երկու ժողովուրդների միջեւ դարավոր կապերն են եւ մշակութային մտերմությունը, ավանդույթների նմանությունն ու պատմական ճակատագրերը: Հարաբերությունները «ամրացված են» Բուլղարիայում հայ համայնքի առկայությամբ, որը կենդանի կամուրջ է, կապող օղակ երկու ժողովուրդների միջեւ:

Մեր երկկողմ հարաբերությունների բնական առաջնահերթությունը բարձր եւ բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունն է: Այս բնագավառում անցնող տարում մենք սկսել ենք պատրաստվել կարեւոր իրադարձության՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի պետական այցին, որը Հայաստան կժամանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այս տարվա սկզբին: Առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային արժեքն է: Կարեւոր առաջնահերթություն են նաեւ մշակույթի եւ կրթության բնագավառում դինամիկ զարգացող կապերը:

– Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները ո՞ր մակարդակում են, ի՞նչն եք բավարար համարում եւ ո՞ր ոլորտներում եք տեսնում չօգտագործված հնարավորություններ:

– Մասամբ պատասխանեցի այս հարցին, բայց ամփոփելով՝ ես կասեի, որ միջպետական հարաբերությունները զարգանում են վերաճով՝ խթանված լինելով քաղաքական երկխոսության դրական դինամիկայով: Մեր հարաբերությունները, սակայն, շատ ավելի բազմաշերտ են եւ լիարժեք, քանի որ խոսքը մշակութային եւ կրթական համագործակցության բնագավառում երկու երկրների հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միջեւ կապերի եւ փոխգործունեության մասին է, Բուլղարիայի հայկական համայնքի հայոց լեզվի եւ սովորույթների պահպանման մասին, բուլղարահայերի մշակութային նվաճումները լայն հայ հանրությանը ներկայացնելու մասին եւ այլն: Անշուշտ, առկա են առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ոչ բավական իրագործված հնարավորություններ: Այս պատճառով են կարեւոր բարձր մակարդակի այցելությունները, քանի որ դրանք կարող են ունենալ խթանարար եւ կատալիտիկ դեր:

– Որքանո՞վ են բուլղար ներդրողները հետաքրքրված Հայաստանով: Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեցին, Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի անդամ է, տնտեսական համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի հետ, ինչպես նաեւ տրանսպորտային ոլորտում:

– Բուլղարիան բացառապես դրական է գնահատում Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված համաձայնագիրը, որն, անշուշտ, հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության ակտիվացման համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, առեւտուրը: Սպասվում է, որ համաձայնագրի իմպլեմենտացիայի ընթացքում կստեղծվի բարենպաստ միջավայր տնտեսական նախագծերի եւ ներդրումների համար: Որքանով այս ներուժը կիրականացվի՝ կախված է համապատասխան կառույցներից, առեւտրաարդյունաբերական պալատներից, մեր երկու երկրների պրոֆեսիոնալ գործարար կազմակերպություններից, գործարար միջավայրից: Վերջերս երկու գործընկեր կազմակերպություններ Հայաստանից եւ Բուլղարիայից գտել են վեց ոլորտներ, որոնցում առկա է փոխադարձ համագործակցության շահագրգռվածություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, շինանյութեր, սննդամթերքի եւ տեքստիլ արդյունաբերություն: Անկասկած, տրանսպորտն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն այս բնագավառներից են: Վերջերս երկու երկրների տրանսպորտի նախարարությունների միջեւ համաձայնեցվել է նոր երկկողմ համաձայնության տեքստը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որը նախատեսվում է ստորագրել նախագահ Ռ. Ռադեւի այցի շրջանակներում:

– Նոյեմբերի 24-ին ՀՀ-ն եւ ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ձեր կարծիքով՝ Հայաստանի առջեւ ի՞նչ նոր հնարավորություններ են բացվել՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության առումով ԵՄ-ի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

– Դուք ինձ կրկին հնարավորություն ընձեռեցիք շնորհավորել մեր հայ ընկերներին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Որպես 2018թ. առաջին կեսին ԵՄ Խորհրդի առաջիկա նախագահող երկիր՝ Բուլղարիան ոգեշնչված է բացառապես դրական տոնով եւ գնահատականներով, որոնք արտահայտվել են Հայաստանի Ազգային ժողովում հրապարակային քննարկման ընթացքում եւ մամուլում նոր համաձայնագրի նշանակության ու դերի վերաբերյալ: Դրական ցուցիչը տեսանելի է նաեւ այն հանգամանքում, որ արդեն ընթանում է դրա իրականացման համար աշխատանքային ձեւաչափերի ու հատուկ մեխանիզմների ստեղծման միջինստիտուցիոնալ նախապատրաստումը: Միաժամանակ ակնկալվում է խորհրդարանի կողմից վավերացման արագացում: Համոզված եմ, որ համաձայնագրի ճշգրիտ ու հետեւողական իրականացումը նոր խթան կլինի դրական փոփոխությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, պատասխանատու կառույցները, արդյունավետ գործարար միջավայրը, վարչական բարեփոխումների արագացումը:

– Վերջերս Երեւանում Բուլղարիայի դեսպանատան աջակցությամբ քննարկում անցկացվեց Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության, մարտահրավերների եւ հնարավորությունների թեմայով: Որքանո՞վ է Բուլղարիան նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

– Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրները կարեւոր են Բուլղարիայի համար՝ որպես Սեւծովյան տարածաշրջանի երկրներից մեկի: Բուլղարիան ձգտում է ակտիվ դեր խաղալ ԵՄ եւ ՆԱՏՕ գործունեության գերակա ուղղությունների համատեքստում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, տնտեսական ծրագրերի, տարածաշրջանային ու համաեվրոպական նշանակության ենթակառուցվածքի նախագծերի իրականացման համար: Մեր երկիրը ձգտում է հասնել օպտիմալ հավասարակշռության ազգային պատասխանատվության ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորությունների միջեւ՝ պահպանելով այդ երկու կազմակերպությունների՝ Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության քաղաքականությանը եւ մեխանիզմներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորությունը:
ԵՄ-ում Բուլղարիայի նախագահության առաջնահերթություններից մեկն ընդգծում է Սեւծովյան ու Դանուբյան շրջանների նկատմամբ ինտեգրված մոտեցման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ Սեւծովյան տարածաշրջանում ԵՄ առավել ակտիվ ներկայությունը եւ երկարաժամկետ մասնակցությունը կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ երկրների, տարածաշրջանի կայունացման եւ բարգավաճման համար: «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համատեղ կլոր սեղանի նախաձեռնությունը լիովին համապատասխանում է այդ առաջնահերթություններին: Դրա նպատակն էր հարթակ ապահովել տարածաշրջանային երկրների ու կազմակերպությունների փորձագետների եւ վերլուծաբանների միջեւ անվտանգության հարցերի, շահագրգիռ կողմերի տարբեր հեռանկարների եւ հետաքրքրությունների, տարածաշրջանային համագործակցության վերականգնմանը եւ խթանմանն ուղղված կառուցողական մոտեցումների վերաբերյալ մտքերի հավասարակշռված ու կառուցողական փոխանակման համար:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031