Անցյալ տարվանից սկսած` Երեւանում ու մարզերի ճանապարհներին սոցիալական ուղղվածությամբ երեք գովազդ է ցուցադրվում` «Աղբի տեղն աղբամանում է» ուղերձով: Դրանով մեր քաղաքացիներին կոչ է արվում աղբը նետել աղբամանի մեջ, ոչ թե այգիներում, ճանապարհներին ու փողոցում:
Գովազդները պատրաստվել են «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում:
Այո, աղբի տեղն աղբամանում է, բայց եթե աղբաման չկա, աղբը հայտնվում է փողոցում: Թբիլիսյան խճուղու այս կանգառում ո՛չ մեծ, ոչ էլ փոքր աղբաման տեղադրված չէ: Կանգառից օգտվող քաղաքացիներն էլ, որոնք շեշտակի ավելացել են հարեւանությամբ գտնվող «Ձմեռային այգու» հաճախորդների հաշվին, իրենց ձեռքի աղբը` պլաստիկե ու ապակե շշեր, սուրճի բաժակներ, սննդի մնացորդներ, նետում են կանգառասրահի հետնամաս, որտեղ արդեն «լուրջ» աղբանոց է ձեւավորվել: Սոցիալական տեսահոլովակների միջոցով քաղաքացիներին ուղղված ուղերձը նպատակին կծառայի, եթե փողոցներում աղբարկղերի հարցը լուծվի: Առանց աղբարկղերի փողոցներ մարզերում ու մայրաքաղաքում շատ կան:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
11.01.2018