Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունների բացումը եւ վիճակահանությունը: Տղամարդկանց պայքարին մասնակցելու հայտ ներկայացրել է 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ:
Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի որոշմամբ այս տարի երկու առաջնությունների արդյունքով հավաքականների կազմավորման սկզբունքները փոխվել են: «Նախորդ տարիներին տղամարդկանց եւ կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին տվյալ տարվա չեմպիոնները: Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար՝ Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական: Սակայն ավելացել է եւս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ կզբաղեցնի մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:
Կանանց հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ, որն ամրագրված է մեր առաջատարներ Էլինա Դանիելյանին եւ Լիլիթ Մկրտչյանին, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում, առաջնության մյուս մասնակիցների հետ պիտի պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Սա ավելի դիտարժան է դարձնելու այս տարվա կանանց առաջնությունը, որտեղ նաեւ միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռվել», – ասաց Աշոտ Վարդապետյանը:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցելու են.
Տղամարդիկ՝ Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:
Կանայք՝ Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ