Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգը իր աշխատակիցներին կորցնում է իր համակարգի ներսի արատների պատճառով»

Հունվար 10,2018 22:00

Քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճըվճվ Արոյի) ձերբակալված ու կալանավորված երկու որդիների պաշտպանը Սամվել Ջաղինյանն է: Նա առայժմ չի մեկնաբանում իր պաշտպանյալների գործողությունները, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներին, ասաց՝ լիազորված չէ խոսել:

Հիշեցնենք, որ Ճըվճըվ Արոյի որդիներից մեկի՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել են ՃՈ երկու տեսուչ, իսկ մյուս որդուն՝ Սերժ Վարդանյանին, իրավապահներն այսօր բերման են ենթարկել հյուրանոցներից մեկից՝ խուլիգանության ու գողության համար:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր անդրադարձել է այս երիտասարդների գործողություններին՝ ասելով, թե «ոստիկանությունը կոնկրետ այս վիժվածքներին պատժել է ու հաճախ հենց լրատվամիջոցներն են նրանց պաշտպանել»:

Հունան Պողոսյանը նաեւ չի ընդունել ոստիկանությանն ուղղված մեղադրանքները, թե իրենց մեղավորությունը կա կոնկրետ դեպքում, որովհետեւ, երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած Սարգիս Վարդանյանը 2014 թվականից ի վեր զրկված է եղել վարորդական իրավունքներից:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով. «Հունան Պողոսյանի այդպիսի արձագանքն այն պատճառով էր, որ ավտովթարից զոհվել են ՃՈ աշխատակիցներ, համակարգում առաջացել է ցնցում հենց համակարգի գործունեության արդյունքում տեղի ունեցած կորստի վերաբերյալ: Եթե նույն ոստիկանությունը գործեր առավել մասնագիտորեն ու պատշաճ, ինչը բխում է օրենքի տառից, նման ողբերգության ականատես չէինք լինի: Նույն համակարգը իր աշխատակիցներին կորցնում է իր համակարգի ներսի արատների պատճառով: Բացի այդ, ես չեմ ընդունում նման արտահայտությունները մարդկանց նկատմամբ, որոնք օգտագործեց փոխոստիկանապետը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում անձը ու ինչ վարք է դրսեւորում, նրա նկատմամբ համակարգը պետք է ունենա մարդու իրավունքներին համապատասխան արժանապատվությունը չնսեմացնող վարք, դա ենք պահանջում ե՛ւ իրավապահ, ե՛ւ ՔԿՀ համակարգից»:

Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ անպատժելիության մթնոլորտը մեր երկրում նպաստում է հանցագործություններին. «Անպատժելիությունը երկրում բավականին խորը արմատներ ունի, մենք անցած տարվա ընթացքում բավականին աղմկահարույց եւ ինչ-որ տեղ վիրավորական, հասարակության երեսին թքելու արժանի դեպքի ականատես եղանք, երբ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին, վարելով հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկեց քաղաքացու, որը մահացավ, ինչից հետո նա նախագահականում ուղղակի պարգեւատրվեց ոսկե մեդալով իր ուսման համար, այսինքն, ոչ միայն արդարադատության առջեւ չկանգնեց, այլեւ խրախուսվեց նրա գերազանցիկ մարդասպանի վարքը:

Այս դեպքում բոլորը աչք են փակում, որովհետեւ սովորական քաղաքացի է մահացել, իսկ երկու ոստիկանի մահվան դեպքով համակարգը ցնցված է, անմիջապես ձերբակալում են: Անհամաչափ քայլերի ու հետեւողականության բացակայության, ընտրովի վերաբերմունքի հետ գործ ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031