Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր

Հունվար 10,2018 23:03

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը Le Télégramme-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն Նոբելյան մրցանակ պետք չէ, քանի որ իր Նոբելյան մրցանակն իր կինն է:

«Ինձ դա պետք չէ: Ես տանն արդեն ունեմ Նոբելյան մրցանակ. Դա իմ կինն է: Նա շվեդուհի է»,- ասել է Ազնավուրը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ կարող է անել երգելուց բացի, Ազնավուրը նշել է, որ այլ բանի մասին չի էլ ուզում լսել: «Այն իմ թթվածինն է, ինչպես կինս է ասում՝ իմ սիրուհին»,- ասել է նա:

Ազնավուրը պատմել է, որ երիտասարդ տարիքում չէր մտածում՝ նման փառքի կարժանանա: «Ես ցանկանում էի անել մի բան, որ կապրի երկար: Իսկ աշխատանքը, որը երկար է ձգվում, կատակերգուի աշխատանքն է: Դու կարող ես սկսել որպես երեխա և ավարտել որպես բարեպաշտ հայր: Ճիշտ է, մենք կարող ենք մի շրջանից մյուսն անցնել: Փառքի գաղափարը եկավ ավելի ուշ, բայց դա հանգուցալուծում չէր, այլ կուլմինացիա»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրը նշել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ երգը երկրորդական արվեստ է: «Երգը ունիվերսալ արվեստ է: Մենք կարող ենք ծնվել երգով և մեռնել երգով կամ հուղարկավորությամբ: Երգը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում. օրորոցային, մանկական երգ, քայլերթ, ամուսնություն, հնարավոր է՝ ամուսնալուծություն, և վերջապես՝ Te Deum…»,- ասել է Ազնավուրը:

Ի պատասխան այն դիտարկմանը, որ Ազնավուրը ֆրանսիական երգի միակ հսկան է, շանսոնյեն պատասխանել է, որ ինքը, այնուամենայնիվ, վերջինը չէ:

«Ինչ խոսք, ես ֆրանսիական երգի առաջին դասականն եմ: Իմ կարծիքով՝ ես դարձել եմ դասական նաև իմ գրելով: Ես կարդացել եմ շատ դասական գրողների՝ Լա-Ֆոնտենից մինչև Վիկտոր Հյուգո, Մոլյերից Սաշա Գիտրի: Եվ, իհարկե, ռուս գրողները՝ Տոլստոյը, Դոստոևսկին: Նրանք են ինձ հարստացրել»,- ասել է Ազնավուրը:

Նա նաև նշել է, որ կցանկանար գրող լինել, այնուամենայնիվ, գիրք գրելը դժվար ու մեկուսի գործընթաց է, որտեղ «երևակայությունը վերածվում է պատմության կառուցման և բնավորության կերտման»:

«Երգի համար ինձ ոգեշնչում է կյանքը, առօրյան, և ես աշխատում եմ միայն մեկ կերպարի վրա՝ իմ կերպարի: Ես դա հասկացա՝ սցենար գրելիս, երբ պետք էր ապահովել սյուժեի շարունակականությունը: Երբ Ժիլբեր Բեկոն ինձ խնդրեց օպերա գրել, ես նրան ասացի, որ ինձ օպերա գրելուն ունակ չեմ համարում: Այսօր ես կկարողանայի գրել:

Վերջում Շառլ Ազնավուրը նշել է, որ իր հաջորդ ալբոմում տեղ կգտնի մի երգ, որում խոսում է իր դժգոհությունների մասին՝ բռնություններ, մարդկային արժեքների կորուստ, վախկոտություն սոցիալական ցանցերում թաքնված վախկոտություն և այլն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031