Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են «FANTA», «FANTA էկզոտիկ համով» և «Coca Cola» ապրանքանիշով կեղծված արտադրանքի իրացման դեպքեր

Հունվար 10,2018 18:50

Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են շրջայցեր: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ շրջայցեր են անցկացվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ):

2017 թվականի դեկտեմբերի 30-ից 2018 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում շրջայցեր են իրականացվել 593 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Արդյունքում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման 193 դեպք, մասնավորապես՝ կենդանական ծագման հումքի՝ առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման 17 դեպք, անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման խախտման 12 դեպք, սննդամթերքի պահման պայմանների խախտման 29 դեպք, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման 8 դեպք, մակնշման պահանջների խախտմամբ սննդամթերքի իրացման 68 դեպք, առևտրի իրականացման վայրում հիգիենային ներկայացվող պահանջների խախտման 11 դեպք:

Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուր անհամապատասխանության մասով տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և հսկվել դրանց կատարման ընթացքը. խախտումները վերացվել են:

Տոնական օրերին սահմանվել է նաև Ծառայության թեժ գծի շուրջօրյա հերթապահություն: Նշված ժամանակահատվածում Ծառայության թեժ գծին ստացվել է 26 հաղորդագրություն: Բողոքները վերաբերել են սննդամթերքի որակին և մակնշման թերություններին. բոլոր դեպքերով  ձեռնարկվել են համարժեք միջոցառումներ կամ տրվել համապատասխան պարզաբանումներ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից Ծառայությունը հունվարի 3-ին ստացել է հաղորդագրություն իրենց արտադրանքի կեղծման մեկ դեպքի վերաբերյալ: Ծառայության մասնագետները, շրջայցի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շիրակի մարզում արձանագրել են «FANTA», «FANTA  էկզոտիկ համով» և «Coca Cola» ապրանքանիշով կեղծված արտադրանքի իրացման դեպքեր: Հայտնաբերված ապրանքատեսակների վրա առկա են եղել այլ կազմակերպություններին պատկանող դրոշմապիտակներ:

Կեղծված ապրանքատեսակները հանվել են վաճառքից, միաժամանակ՝  Ծառայությունն իր կողմից արձանագրված դեպքերի մասին տեղեկացրել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում սննդային գործոնով պայմանավորված թունավորման դեպքեր հանրապետությունում չեն արձանագրվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031