Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դանդաղ մահ է». «Սասնա ծռերը» հրաժարվեցին նիստերի մասնակցել

Հունվար 10,2018 16:52

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական  նիստում այսօր ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը բոլոր ամբաստանյալների անունից հայտարարեց՝ իրենք չեն ցանկանում նիստերին ներկա լինել, քանի դեռ դատարանը լուծում չի տվել Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի խնդրին:

Մեղադրյալները նշեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից եւ լքում նիստերի դահլիճը: Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ ինքը չի թույլատրում հեռանալ եւ անհատապես ճշտեց ամբաստանյալների դիրքորոշումը: Նրանք հերթով հաստատեցին, որ հրաժարվում են պաշտպաններից: «Արմեն Բիլյանի կյանքի հարցն է դրված: Եթե, օրինակ, ես այստեղ որեւէ դատավարական գործողության մասնակցեմ, դա անբարոյականություն կլինի»,-հայտարարեց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը եւ առանց դատավորի թույլտվության՝ ցանկացավ հեռանալ: Այդ պատճառով դատավոր Մեսրոպ Մակյանը նրան սանկցիայի ենթարկեց՝ նիստերի դահլիճից հեռացնելով 2 ժամով:

Նույն սանկցիային արժանացան նաեւ ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը, Սմբատ Բարսեղյանը: Դատարանը որոշեց նրանց համար հանրային պաշտպան նշանակել եւ այդ հիմքով հետաձգեց նիստը:

Հիշեցնենք՝ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ են, դատավորից պահանջում են իրենց տեղափոխել այլ՝ բարենպաստ պայմաններով ՔԿՀ, իսկ դատավորի պնդմամբ՝ դա իր լիազորությունների շրջանակում չէ:

«Սա դանդաղ մահ է»,-դատարանի վերաբերմունքը մինչեւ նիստի հետաձգելն այսպես որակեց ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը:

Ամբաստանյալներից Պավել Մանուկյանն էլ հավելեց. «Ձեր՝ դատավորի աչքի առաջ ընկերներս տառապյալ մահվան են ենթարկվում»:

Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց, որ Մակյանն է նրանց ստիպում հրաժարվել իրենց պաշտպաններից՝ այդ կերպ սատարելով Արմեն Բիլյանին: Վերջինս միայն հայտարարեց, որ իր պաշտպանից չի հրաժարվում, եւ քանի որ հացադուլի մեջ է, գուցե առաջիկա նիստերին ի վիճակի չլինի ներկայանալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031