«Խնդիր կա եւ այդ խնդիրը պետք է կառավարությունը փորձի կարգավորել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`իբրեւ սոցիալիստական գաղափարախոսության դավանող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպե՞ս է վերաբերվում հունվարի 1-ից Հայաստանում թանկացումներին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, հունվարի 1-ից թանկացավ դիզվառելիքը եւ սեղմված գազը, ինչը վարորդերի շրջանում դժգոհություններ է առաջացրել: Տնտեսագետների կարծիքով, եթե կառավարությունը չկիրառի իր գործառույթները, սա կարող է բերել շղթայական թանկացումների: Նաեւ`թանկացումներ են սպասվում ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգրքով: Հայաստանի համար վերանում է 750 ապրանքատեսակների մասով մաքսային արտոնությունը:
Աղվան Վարդանյանը կառավարության միջամտությունն այսպես է պատկերացնում. «Նախ թույլ չտալ, որ այն ինչ հարկային օրենսգրքով սահմանված է, դրանից ավելի փորձեն նաև տնտեսվարող որոշ սուբյեկտներ օգտվել և լրացուցիչ եկամուտի աղբյուր հայթայթել: Որքան ես տեղյակ եմ, գոնե սեղմված գազի գինն է հիմնականում դժգոհություն առաջացրել, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի ավելացմամբ: Որքան որ ակցիզային հարկը ավելացել է, նույն այդ չափով էլ գազալցակայաններն են ավելացրել: Ես խոսել եմ 1,2 գազալցակայանի տնօրենի հետ, որոնք ճիշտ այդ չափով են ավելացրել ակցիզային հարկը: Պրոբլեմ է, ընդհանուր սոցիալական պրոբլեմ, որը կապված է տնտեսական քաղաքականության հետ»:
Ամեն դեպքում, իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորը կարծում է, որ Հայաստանում սոցիալական բնույթի մեծ ցնցումներ չեն լինի:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ