Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Եվ թող ոչ մեկը մեր շարքերից հանկարծ չպակասի: Գնում ենք Թուրքիան ու Ադրբեջանը խլելու». նորակոչիկ Դանիել Գրիգորյան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 10,2018 16:28

Այսօր Վանաձորում տեղի ունեցավ այս տարվա առաջին զորակոչը: Տղաներին բանակ ճանապարհելու էին եկել հարազատ, բարեկամ, ընկեր եւ նույնիսկ անծանոթ: Ամենուր հնչում էր օրվա գլխավոր բարեմաղթանքը՝ «բարի ծառայություն եւ բարի վերադարձ»:

Բոլորի դեմքին միախառնված էր հուզմունքը, հպարտությունն ու արցունքների տակից երեւացող ժպիտը:

Տղաները բարձր տրամադրությամբ են մեկնում ծառայության, վստահեցնում են՝ 2 տարի անց, նույն բարձր տրամադրությամբ էլ վերադառնալու են տուն. «Մարտական ու բարձր տրամադրությամբ եմ գնում: Աստված բոլորիս հետ լինի: Եվ թող ոչ մեկը մեր շարքերից հանկարծ չպակասի: Գնում ենք Թուրքիան ու Ադրբեջանը խլելու,- ասում է նորակոչիկ Դանիել Գրիգորյանը:

Տիկին Անահիտը իր երկրորդ թոռնիկին էր ծառայության ուղարկում: Ասում է ընտանիքում ապագա զինվորներ դեռ էլի կան, որոնք պատրաստվում են համալրել Հայոց բանակի շարքերը: Իսկ ցանկությունը միայն մեկն է. «Ցանկանում եմ, որ ոնց գնում են, այդպես էլ հետ գան: Առողջություն ու հաջողություն եմ մաղթում, բարի վերադարձ, իսկ աշխարհին խաղաղություն»:

Տղաներին ճանապարհելու էին եկել նաեւ Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ԵԿՄ անդամներ, հոգեւոր այրեր ու այլ անձիք:

-Ես որպես ծնող շատ լավ պատկերացնում եմ, թե հիմա մեր ծնողների մոտ ինչ զգացողություններ են: Ես համոզված եմ, որ բոլորիդ մոտ երկակի զգացողություն է՝ կա հպարտություն, եւ հպարտության հետ մեկտեղ կա մի փոքր թախիծ: Բայց ուզում եմ, որ հպարտությունը գերիշխի, որովհետև ձեր տղաները ծառայելու են Հայոց հաղթանակած բանակում: Ես համոզված եմ, որ այսօր շատ ավելի լավ պայմաններ են տիրում բանակում, քանի տարիներ առաջ: Ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ձեր երեխաները լինելու են ամուր ձեռքերում: Ուզում եմ, որ մեր նորակոչիկները հպարտ լինեն, որ իրենք ծառայելու են Հայոց բանակում, եւ իրենք պետք է գիտակցեն, որ մեր ընտանիքի, մեր համայնքի ու մարզի սահմանները սկսում են հայրենիքի սահմաններից: Եվ պաշտպանելով հայրենիքի սահմանները, պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ պաշտպանում է իր հորն ու մորը, իր սիրած աղջկան, իր համայնքն ու մարզը: Ես համոզված ե, որ դուք բանակում եւս բարձր կպահեք լոռեցու պատիվը,- իր խոսքում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւս բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին. «Շատ դժվար է, որ այս պահին տեսնում ենք ծնողներին ու նորակոչիկներին անջրպետված: Բայց դուք ձեր ընտանիքներից ձեր զավակներին հիմա հանձնում եք ավելի մեծ ընտանիքի՝ ՀՀ բանակին: Որովհետեւ այն հոգատարությունը, որ պետությունը, ազգը, ծնողները, պատկան մարմինները ունեն բանակի նկատմամբ, որեւէ այլ կառույցի նկատմամբ ՀՀ-ում չկա նման վերաբերմունքը: Բոլորիդ շնորհավորում եմ, ցանկանում եմ համբերություն եւ ամուր կամք, իսկ մեր երեխաներին՝ չափավոր զգուշություն իրենց ծառայության մեջ»:

Տղաներին բանակ ճանապարհեցին ուրախ երգ-պարով ու Հայր մերը կարդալով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031