Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն իր հեղինակությունը չվտանգելու համար տնտեսական աճի ավելի զգույշ կանխատեսումներ է անում (Տեսանյութ)

Հունվար 10,2018 16:21

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ, 2018-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 3,8 %: Մինչդեռ կառավարության կանխատեսումներով աճը 4 տոկոսից ավելի է լինելու: Այսօր «Հայացք» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Համաշխարհային բանկը ավելի քիչ է կանխատեսում, արդյոք չի՞ վստահում ՀՀ կառավարության կանխատեսումներին, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ ՀԲ-ն իր կանխատեսումներում ավելի զգուշավոր է. «Որպեսզի իրենց հեղինակությունը, որպես կարեւոր կամ միջազգային կառույցի, շատ սխալված չլինեն: Այսինքն` իրենք տալիս են նվազագույնը, եթե դրանից ավելի կլինի, իրենք կարող են ասել` մենք այսքանը կանխատեսել էինք: Արժույթի միջազգային հիմնադրամն էլ տարբեր կանխատեսումներ ունեցավ, թե’ Հայաստանի, թե’ Ռուսաստանի հետ կապված, բայց այդ ցուցանիշները գերազանցեցին նրա կանխատեսումները»:

Մանրամասները` տեսանյութում

Աշխատատեղերի բացակայության, գնաճի այս պայմաններում, Գագիկ Մակարյանի կանխատեսմամբ, այս տարի էլ աղքատությունը չի նվազի:
Ըստ նրա՝ աղքատության կանխարգելման համար առաջնային է զբաղվածության խթանման գործողությունների պլանի ծրագրի իրականացումը, ինչը կառավարությունը չի սահմանում:

Անցյալ տարի ներդրումները խոստացվածի չափ չեղան: Ներդրված գումարների մի մասն էլ, պարոն Մակարյանի խոսքով, ոչ թե ուղիղ օտարերկրյա ներդրումներ էին, այլ` դոնորների գումարներ. «Ներդրումների օրենքում հստակ նշված չէ, ինչն է ներդրում եւ դա կառավարությանը թույլ է տվել, որ ինչ ասես ներառեն ներդրումների ներքո»:

Ինչ վերաբերում է վարչապետի ու նրա կառավարության նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահությանը, ապա Գագիկ Մակարյանը կարծում է, որ վստահության շեմը չի բարձրացել. «վատատեսները կամ չեզոք կարծիք հայտնողները դեռ շատ են»:

Գագիկ Մակարյանն ամփոփելով անցյալ տարվա արդյունքներն, ասաց, որ արդյունաբերության ոլորտում աճ է նկատվել, քանի որ մսի, սպիտակեղենի, անկողնային պարագաների եւ այլ ապրանքատեսակների արտադրման եւ սպառման ծավալները մեծացել են: Նրա խոսքով, հիմնականում ի հաշիվ զբոսաշրջության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031