Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից պաշտոնապես մարդու օրգաններ չեն արտահանվում (Տեսանյութ)

Հունվար 10,2018 16:13

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Այս օրենքում փոփոխությունները կատարվում են նախ Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված: Բացի այդ, ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, օրենքի ընդունմամբ հստակեցվում են մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումները: Նա մանրամասնեց`նախագծով նախատեսվում է բարելավել ՀՀ-ում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով ՀՀ-ից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը: Նաեւ` քրեական պատժի սպառնալիքի միջոցով կբացառվի եվգենիական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: «Եվգենիական փորձերը արգելված են աշխարհով մեկ, և որոշակի պատժամիջոցներ են սահմանվել հարակից օրենքներում»,- ասաց փոխնախարարը:

Այս փոփոխություններով, ըստ փոխնախարարի, նաեւ նախատեսվում է բացառել կամ նվազեցնել մարդու օրգանների եւ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը, դա կիրականացվի հումանիստական նկատառումներով. «Այսինքն՝ ոչ թե առքուվաճառք է տեղի ունենում, այլ փոխհատուցում է դոնորներին էներգետիկ եւ բիոլոգիական ծախսը, որ հանգեցնում է արյան հանձնման կարգից, նաև օրենքում սահմանվում է ճանապարհածախսը»:

Նախագծով կարգավորվում է նաեւ արյան ծառայության ստեղծման կարգը: Փոխնախարարը նշեց`արյան պաշարների հավաքագրման հետ մշտապես խնդիրներ է եղել, այս փոփոխություններով սահմանվում է, որ բոլոր հաստատությունները, որոնք ունեն լիցենզավորում, պարտավոր են պետական պաշարների ձեւավորման մեջ դեր ունենալ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց` ինչու՞ է նախագծում «օրգանների առքուվաճառքը արգելված է» տերմինը փոխարինվել «արգելված է շահույթի աղբյուր դարձնել» տերմինով: Նա կարծում է, որ սա «որոշակի կոնտեքստ» է փոխում: Ընդդիմադիր պատգամավորին նաեւ հետաքրքրում էր` ի՞նչ վիճակագրություն ունենք փոխպատվաստվող օրգանների տեղափոխման հետ կապված, արդյոք Արյան ազգային կենտրոնը Արյան ազգային համակարգ դարձնելով աշխատակազմի համար կրճատումների եւ այլ խնդիրներ չենք առաջացնում:

Սերգեյ Խաչատրյանը մանրամասնեց`անունը փոխելով այդ կառույցի գործառույթները չենք նվազեցնում: Ավելին՝ նախատեսվում է փոխպատվաստումային բժշկության զարգացում, հետեւաբար, նաեւ գործառույթների ավելացում: Օրգանների փոխպատվաստման մասով էլ Սերգեյ Խաչատրյանն ասաց`արտահանման պաշտոնական տվյալները զրո են, իսկ երկրի ներսում, տարեկան 10-15 փոխպատվաստում է տեղի ունենում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ արյան հավաքագրման դժվարություններ ունենք. «Պրակտիկան ցույց է տվել, որ երբ կարիքը կա, մեր հասարակությունը հերթ է կանգնում արյուն տալու համար, իսկ ոչ արտակարգ իրավիճակում արյուն հավաքագրելու խնդիր ունենք: Մեր խնդիրն է, որ այս հարցի շուրջ համաշխարհային պրակտիկայի հարուստ փորձերը վերցնենք և տեղայնացնենք այստեղ` արյան դոնորությունը խթանելու համար: Այսօր շատ ցածր է անշահույթ կերպով արյան դոնորների քանակը` ընդամենը 30%, մնացածը շահույթով են արյուն տալիս»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031