Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մահ գնալու եմ». հացադուլավոր Արմեն Բիլյանը պնդեց պահանջը

Հունվար 10,2018 15:45

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը վերսկսվելուն պես ամբաստանյալների պաշտպաններից Արմինե Ֆանյանը կրկին դատավոր Մեսրոպ Մակյանին ներկայացրեց ամբաստանյալներից Արմեն Բիլյանի խնդիրը:

Հիշեցնենք՝ նա 23 օր է՝ հացադուլի մեջ է, պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, որի պահման պայմաններն ավելի բարենպաստ են:

Արմինե Ֆանյանը տեղեկացրեց, որ խցում, որտեղ պահվում է Արմեն Բիլյանը, եւս 10-12 անձ է պահվում:

Մյուս պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց՝ բոլորին է հայտնի, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում անգամ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ չկան:

Արմեն Բիլյանը նաեւ պահանջում է իրեն պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ինչը, պաշտպանական կողմի պնդմամբ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հնարավոր չէ: Արմինե Ֆանյանը կրկին շեշտեց՝ ՔԿՀ-ից եւ ԱՆ Քրեակատարողական վարչությունից իրեն ուղղված երկու գրություններում տարբեր պատասխաններ են. մեկում ասվում է, որ դատավորն է որոշելու Բիլյանի տեղափոխման հարցը, մյուսում էլ նշված է, որ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ների բուժծառայությունների մակարդակը նույնն է: Պաշտպաններն այս հարցի հետ էլ չհամաձայնեցին:

Իսկ ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խցերը չորս տեղանոց են:

Ամբաստանյալների պաշտպանները պնդեցին, որ թեեւ չկա համապատասխան օրենսդրական կարգավորում, բայց Բիլյանի հարցին պետք է դատավորն արձագանքի, որովհետեւ անձի կյանքի խնդիր կա, որն օրեր շարունակ անտեսվում է:

Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց. «Ես իմ քայլից հետ չեմ կանգնելու, պահանջից չեմ հրաժարվելու, մինչեւ մահ գնալու եմ»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:

 

Դատավոր Մեսրոպ Մակյանն, այնուամենայնիվ, գտավ, որ իր՝ Բիլյանի տեղափոխման հարցի շուրջ համաձայնությունն անհրաժեշտ չէ:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ այդ հարցը դատարանի լիազորությունների շրջանակում չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031