Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից»-ը՝ ՊՆ-ի, դեսպանատների եւ նախագահականի մեքենաների խախտումների մասին (Տեսանյութ)

Հունվար 10,2018 15:36

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Սարգիս Վարդանյանի՝ Ճվճըվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի, Հայաստանում կեղծ պետհամարանիշներով եւ օտարերկրյա հաշվառման համարանիշներով պտտվող եւ խախտումներ անող «արտոնյալ» վարորդների մասին:

Արսեն Պետրոսյանն ասաց, որ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները մեր երկրում եւ Երեւանում մասնավորապես անպատժելի են. «Կլինեն տրանզիտ համարներով, կլինեն արտասահմանյան տարբեր երկրների, պարսկական եւ այլն, դիտավորյալ, արագաչափերը հաշվելով, հազարավոր դրամների խախտումներ անելով գալիս են, նույնը տարածվում է քաղաք մտնելուց: Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի, իրենք իրենց էլ սկի չեն կառավարում: Բազմիցս այս մասին բարձրաձայնել ենք, ձեւերն էլ ենք ասել՝ ոնց կարելի է անել: Էդ ինչի՞ ճանապարհային ոստիկանությունը կարող է կանգնեցնել 5 րոպե ժամանակն անցած ԱՊՊԱ չանցած մեքենային եւ 100 հազար դրամ տուգանել նրան եւ չի կարող մյուսներին տուգանել, ուրեմն մոնիտորներով համալրեք բոլոր ճանապարհային ոստիկանության մեքենաները եւ այն մեքենաները, որոնք խախտումներ են կատարում, դրանց դեմը առեք: Չեմ հավատում, որ իրենք չգիտեն ոնց անեն, ձեւերն էլ ենք ասել»:

Նա նշեց, որ ԱԺ-ում՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ քննարկվում էր, որ իբր թե հունվարից հետո արտասահմանյան պետհամարանիշով մեքենաները պետք է տուգանվեն. «Տրանզիտ համարով մեքենան մտավ ՀՀ, մեկ տարի խախտումներ արեց, մարդիկ այդքան էլ միամիտ չեն, դուրս գալուց, այդ ակտերը տեսնելուց երբեք նույն մեքենայով նույն վարորդը չի մտնի Հայաստան: Մի հատ ուրիշ վարորդ կնստեցնի կողքը, կմտնի ՀՀ ու վերջացավ, գնաց: Ինչի՞ պիտի անընդհատ նման ողբերգական դեպքեր լինեն: Ցանկացած խաչմերուկի վրա անցնում ես, վթարում մասնակցած մեկը հաստատ ռուսական պետհամարանիշներով կամ այլ երկրի պետհամարանիշներով, տրանզիտ համարներով մեքենա է: Տրանզիտ համարներով ներս են մտնում, միանգամից պետք է տեղեկացնեն սահմանին, որ դուք գտնվում եք ՀՀ տարածքում եւ ձեր ցանկացած խախտում պատժվելու է: Մեկ-երկու դեպք եղավ՝ այդ ամեն ինչը միանգամից կվերանա»:

Նա իր խոսքն ուղղեց ոստիկանության պետին, «Հետ կանչեք այդ օրենքը, թող վերամշակման ենթարկվի: Մեր առաջարկությունները պատրաստ ենք ներկայացնել, թող այս ամենաթողությունը, անպատժելի մթնոլորտը վերանա: Պոտենցիալ մարդասպաններ ենք աճեցնում՝ այս ամենաթողության մթնոլորտով: Մարդկանց կյանքի ու առողջության հետ կապված խնդիրներ են սրանք եւ մենք բազմամարդ երկիր չենք, որ նման արտոնություններ թույլ տանք»:

Իսկ նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն ասաց. «Կա անպատժելիության մթնոլորտ: Շարունակում են խախտումներ անել դեսպանատան կարմիր համարանիշներով մեքենաները, ՊՆ համարանիշով մեքենաները, խախտումներ են անում, որն անթույլատրելի է, նախագահականի կապույտ համարանիշներով մեքենաները: Նրանք կարող են խախտումներ անել, երբ որ շարասյան մեջ ինչ-որ ծառայություն են իրականացնում, բայց անհատական մեքենան վարելուց՝ ոչ: Ես երեկ մեքենա եմ նկարել իմ դիմացից գնացող՝ տրանզիտ համարներով, տաքսի է վարում: Այսինքն, մեքենան, որը հաշվարկված չի ՀՀ-ում, վարում է տնտեսական գործունեություն: Ես իմ ընտանիքի անդամներին հաստատ չեմ վստահի նման տրանսպորտից օգտվելու»:

Նախաձեռնության անդամները կոչ արեցին պատկան մարմիններին զբաղվել այս խնդիրներով՝ նշելով, որ ի վերջո գործ ունենք մեր բնակչության կյանքի եւ առողջության հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031