Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանում կատարվող իրադարձությունների հետևում կանգնած են վաշինգթոնյան կենտրոնները». Արման Նավասարդյան

Հունվար 10,2018 15:26

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Արմեն Իսրայելյանի համոզմամբ՝ Իրանում ճգնաժամային իրավիճակ է:

«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը իրանագետը, վերլուծելով Իրանում իրավիճակը, նշեց. «Կառավարությունը կանգնած է բարդ մարտահրավերների առաջ: Զոհերի թիվը նշվում է 20, իսկ ձերբակալվածների թիվը՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների` 3700 է: Սակայն ոստիկանական և այլ պաշտոնական աղբյուրներ միմյանց հակասում են: Ձերբակալվածների թվում կան նաև ուսանողներ՝ շուրջ 200 հոգի»:

Պարոն Իսրայելյանի տեղեկացմամբ՝ Իրանի քաղաքական դաշտում խորհրդակցությունների շրջան է. Ռոհանին խորհրդակցության է հրավիրել տնտեսական ոլորտի պատասխանատուներին և քննարկում է առաջիկա անելիքներն ու բյուջեի նախագծի խնդրահարույց կետերը:

Արմեն Իսրայելյանն Իրանում իրավիճակի ապակայունացման վտանգ չի տեսնում: Նա պարզաբանեց. «Իրանն իր քաղաքական համակարգով ո՛չ Սիրիային, ո՛չ Իրաքին նման չէ: Իրանի քաղաքական վերնախավը և տարբեր շերտեր զիջումների տրամադրվածություն ունեն, ցանկանում են խնդիրները հարթել»:

Իրանագետ Հրաչյա Հակոբյանն էլ Իրանում գոյություն ունեցող ճգնաժամը պատճառաբանեց հասարակական-քաղաքական դաշտի բևեռացվածությամբ:

Անդրադառնալով երկրում բռնկված ցույցերի դրդապատճառներին՝ Հրաչյա Հակոբյանը նշեց, թե համամիտ չէ այն կարծիքին, որ Իրանում ցույցերը սկիզբ են առել սոցիալական խնդիրների պատճառով: Այս առումով նա մանրամասնեց. «Այստեղ տեսնում եմ քաղաքական ուժի հրահրում: Այսպես կոչված սոցիալական բողոքի դուրս եկած մարդկանց մեծամասնությունն այն մարդիկ էին, որոնք ընդհանուր սոցիալական բողոքի տրամաբանության մեջ չէին տեղավորվում»:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն Իրանում տեղի ունեցող իրադարձություններում մեծ տեղ է հատկացնում արտաքին գործոնների դերակատարությանը: Ըստ նրա՝ Իրանում կատարվող իրադարձությունների հետևում կանգնած են վաշինգթոնյան կենտրոնները. «Դրանք փորձում են ուղղորդել: Իրանում ներկայումս նկատվող կոնսոլիդացումը գուցե Վաշինգտոնի սխալ հաշվարկներն են: Այժմ Իրանում տեղի է ունենում բևեռացում, և իմանալով Իրանին, գիտենք, որ հեշտ չէ շարժել հսկային»:

Արման Նավասարդյանը վստահեցրեց, որ Իրանը երբեք չի հրաժարվի իր ծրագրերից. «Հարցը դրված է այնպես, որ Իրանը պետք է ունենա միջուկային զենք: Դա մեծ բարեբախտություն կլինի և՛ տարածաշրջանի, և՛ Հայաստանի համար: Իրանն, ըստ էության, տարածաշրջանում թիվ մեկ պետությունն է, կամ ցանկանում է այդպիսին լինել, Իրանը չի կարող այդ զենքը չունենալ, այն դեպքում, երբ Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ունեն այդ զենքը»:

Անդրադառնալով Իրանի՝ ՀՀ-ի հետ վարած քաղաքականությանը, պարոն Նավասարդյանն ասաց. «ՀՀ-ն բարեկամ երկիր է, և Իրանն այն կարծիքին է, որ ամեն ինչ պետք է անել Հայաստանի հետ սահմանը զերծ պահելու համար պատերազմական գործողություններից: Իրանում շատ լավ հասկանում են այսօրվա վտանգները, որ սպառնում են Հայաստանին: Լավ հասկանում են, որ լուրջ է նախիջևանյան խնդիրը: Այնտեղ թուրքադրբեջանական ռազմական համագործակցությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին»:

Արման Նավասարդյանը, ամփոփելով նշեց՝ չի կարծում այն, ինչ տեղի է ունենում Իրանում, որոշ փոփոխության կենթարկի Իրանի ներքին քաղաքական և ուժերի դասավորվածությունը: Ըստ պարոն Նավասարդյանի՝ Ռուսաստանն իր խաղերն ունի, ԱՄՆ-ն պետք է շարունակի իր քաղաքականությունը, մենք էլ պիտի կարողանանք կողմնորոշվել բարդ քաղաքական խաչմերուկներում:

Արման Նավասարդյանը նաև հայտնեց, թե տեղեկություններ կան, որ իրանական կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծում մեծ ներդրումներ անելու պատրաստակամություն են հայտնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031