Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգացինք, որ Ծաղկաձորի գներից գլուխ չենք հանի, մեկնեցինք Թբիլիսի»․ գյումրեցիներից շատերն Ամանորը դիմավորել են հարևան երկրում

Հունվար 10,2018 15:03

Ամանորյա տոներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գյումրեցի օգտատերերից շատերը լուսանկարներն էին հրապարակել հարևան երկրի մայրաքաղաքից, hիմնականում հին Թբիլիսիի շենքերի ֆոնին։ Նույնիսկ նրանցից մեկը, ցուցադրելով Թբիլիսիի Ռուսթավելու անվան փողոցում գտնվող կառույցներից մեկի ամանորյա շքեղ զարդարանքը, գրել էր․ «Սա Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում է, բայց Գյումրու Ռուսթավելիում էլ շատ գեղեցիկ է»։

Նշենք, որ Ամանորը Թբիլիսիում անցկացնողները ոչ միայն նախկին ու ներկա պաշտոնյաներ են, այլ միջին աշխատավարձով ապրող շարքային քաղաքացիներ, որոնք հիմնականում հարևան երկիր են ուղևորվել խմբով՝ ուրախ Ամանոր տոնելու։

Մենք զրուցեցինք նրանից մեկի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ են Ամանորը նշել հարևան երկրում՝ ըստ էության դարձյալ նպաստելով Վրաստանում տուրիզմի զարգացմանը։ Հիշեցնենք, որ ամռան սեզոնին հայերի մեծ մասը ևս հանգստանում է հարևան երկրում։ Մեր զրուցակիցը, որը պաշտոնյա է, խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, սակայն մեր հարցին կարճ-կոնկրետ պատասխան տվեց․ «Այդքան հարուստ չեմ հանգիստս, օրինակի համար, Ծաղկաձորում անցկացնելու»։

Նա մեզ պատմեց, որ նոյեմբերի կեսերին համացանցով սկսել են ծանոթանալ նախ Հայաստանի հանգստյան վայրերի ամանորյա գներին, սակայն տեսնելով, որ Թբիլիսին ավելի մատչելի է, նախապես վարձակալության համար սեփական տուն են պատվիրել Թբիլիսիի կենտրոնում։ «Ուսումնասիրեցինք Ծաղկաձորի հյուրանոցների ու հանգստյան տների գները ու տեսանք, որ 2 սենյականոցի մեկ օրվա արժեքը նվազագույնը 70-80 դոլար է։ Մեր ընտանիքը 3 հոգուց է բաղկացած, ընդ որում սա ամենաէժան գինն է՝ ընդամենը մեկ նախաճաշով։ Հաշվեցինք, որ Ծաղկաձորում ամեն մեկիս վրա մոտ 300-350 դոլար, դոլար էր նստում։ Հասկացանք, որ գլուխ չենք հանելու, գտանք շատ հարմար մի տարբերակ Թբիլիսիում, նախապես վճարել ենք օնլայն տարբերակով ու ոչ մի խաբեություն չկար, ինչպես որ մատուցված էր ինտերնետով, նույն պայմաններին ականատես եղանք։

Իմիջիայլոց, առաջին անգամն ենք Ամանորը նշում Վրաստանում։ Շատ գոհ ենք, շատ տպավորված թե՛ սպասարկման բարձր մակարդակից, թե՛ գների մատչելիությունից, թե՛ իրենց ստեղծած տուրիստական միջավայրից։ Պատկերացրեք, Թբիլիսիի կենտրոնում ամենաէլիտար սրճարանում 3 հոգով սուրճ խմելը՝ շոկոլադով, թխվածքով, հյութով մեր վրա 5000 դրամ է նստել։

Գիտեք, ես այս ամենը չեմ ասում գովազդելու հարևան երկիրը, ես ուղղակի նախանձում եմ՝ մտածելով՝ ի՞նչն է խանգարում մեզ նման մի բարեկիրթ միջավայր ստեղծել տուրիզմի զարգացման համար։

Տպավորված եմ ճանապարհային ոստիկանների շփման ձևից, տղաս չգիտակցված խախտում արեց, սխալ ուղղությամբ գնաց, կանգնեցրեցին, բայց հասկանալով, որ մենք օտար ենք այս քաղաքում, անծանոթ ենք քաղաքին, մեզ ուղեկցեցին՝ ցույց տալով ճանապարհը, նույնիսկ չտուգանեցին։

Տունը, որը վարձակալել էինք, քաղաքի կենտրոնում էր, մեկ օրը 10 դոլարին համարժեք լարի էր։ Մենք ընդամենը վեց օր ենք մնացել, սնվել ենք դրսում ու 3 հոգու վրա նստել է մոտ 500 դոլար, այդքան գումարով մեծ շրջապատի տեր մարդիկ կոնկրետ Գյումրիում Ամանոր չեն կարողանա անել։ Մենք ճոխ Նոր Տարի ենք անցկացրել՝ չզրկելով մեզ ոչ մի հաճույքից։ Տունը, որ վարձակալել էինք, պատկանում էր հայերի, նույն բակում երկու դուռ ուներ, մեկը տանտերերին էր, մյուս երկու սենյականոցը տալիս էին վարձակալությամբ, ամեն հարմարություն ուներ՝ տաքացուցիչով, արդուկով, լվացքի մեքենայով, սառնարանով, նույնիսկ վարսահարդարիչով։ Ներս էիր մտնում, քեզ արդեն հյուրասիրություն էր սպասում․ մրգի ու շոկոլադի զամբյուղները դրված էին։ Մեր ծանոթներն էլ այս տարի Ամանորը նշեցին Թբիլիսիում, իրենց էլ նույն ձևի ընդունել էին մեկ այլ վարձակալած տանը։

Ինձ Թբիլիսին դասական եվրոպական մակարդակի քաղաք հիշեցրեց, այնտեղ նույնիսկ red bus էր գործում, գնում էիր տոմսը, ամբողջ օրը շրջում էիր քո ուզած ուղղություններով։ Ամեն ինչ անում են տուրիստ բերելու, մեծ թվով արաբներ, ադրբեջանցիներ, թուրքեր ևս կային։

Դեկտեմբերի 31-ի երեկոյան տեսնեիք՝ ինչ էիր կատարվում Բագրատաշենի մաքսակետում․ ասեղ գցեիր, տեղ չկար, մեր այցի պահին, որ ասեմ 5000 մարդ Հայաստանից ուղևորվում էր Թբիլիսի, չեմ չափազանցնի, նույնիսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարն աչքովս ընկավ։

Ասեմ, որ Թբիլիսիի կենտրոնում ես սննդի ոչ մի սուպերմարկետ չտեսա, տպավորություն կար, որ մոնոպոլիստների մուտքն արգելված էր։

Իսկ ամենաշատը, որին նախանձել եմ՝ հին կառույցների, տների վրա կատարվող շինաշխատանքներն են, մարդիկ դողում են իրենց կառույցների վրա, հասկանում են, որ ամեն մի կառույց մի նոր տուրիստ է ավելացնում։ Մեծ թափով հին տների արտաքին, կոսմետիկ վերանորոգում էր կատարվում, ամբողջ ընթացքում մտածում էի ՝ ախր ինչո՞վ է պակաս մեր հայրենիքը, իմ Գյումրին, որն ավելի գեղեցիկ, ավելի կոլորիտով տներ ունի։ Ամբողջ ընթացքում մտածում էի՝ ինչո՞ւ պիտի մեր հայրենիքում այնպիսի պայմաններ չստեղծեն, այնպիսի գնային քաղաքականություն չմշակեն, որ որևէ մեկս չմտածենք մեկ օր անգամ մեր փողը ուրիշ երկրում ծախսելու մասին»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031