Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ականը՝ ՏՄՊՊՀ-ի հաշվարկներում սխալների մասին. Ինչու է Շաբոյանը արդարացրել թանկացնող տնտեսվարողներին

Հունվար 10,2018 14:26

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը խոսեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների մասին, նաեւ ներկայացրեց իրենց գրասենյակի ուսումնասիրությունները: Նա տարօրինակ համարեց այն, որ գազալցակայանների տերերը բոլորը միահամուռ որոշեցին ամբողջ բեռը թողնել սպառողների վրա, դժգոհեց թանկացումներից: Հարցին, թե չե՞ք պատրաստվում միանալ «Ելքի» երթին՝ թանկացումների դեմ՝ պատասխանեց, որ ՀՅԴ ԳՄ-ն քաղաքական որոշում եթե կայացնի, այդ դեպքում կմիանա:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեր հետազոտությամբ՝ բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի թանկացումները արդարացվա՞ծ են, թե՞ ոչ, որովհետեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թանկացումների մասին պարզաբանում է տարածել, ըստ որի, գնաճը ամբողջությամբ պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխությամբ եւ համահունչ են դրան, հետեւաբար դրանք արդարացված են: Պարսյանը պատասխանեց, որ ՏՄՊՊՀ-ի պարզաբանման մեջ որոշակի խնդիրներ է նկատել. «Նայել եմ, դիտարկումներ են արվում, որոշակի տարընկալումներ կան: Օրինակ, պարզաբանման մեջ նշված է, որ դիզվառելիքը 35 հազար դրամից նվազել է 13 հազար դրամ, որը հանգեցրել է 14 դրամի խնայողության: Եթե 35-ից հանենք 13, 22 դրամ է ստացվում, 14 դրամ ամեն դեպքում խնայողությունը չէր ստացվելու: Մյուս խնդիրն այն է, որ նշված է, թե ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հաշվարկը կախված է դիզելային վառելիքի մաքսային արժեքից եւ իրացման գներից: Հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի դրույքաչափը կախված չի մաքսային արժեքից՝ ֆիքսված գումար է՝ 1 տոննայի հաշվով 13 հազար դրամ: Այսինքն, իրենց պարզաբանումը լրացուցիչ պարզաբանման հարց ունի»:

Պարսյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն նաեւ նշել է, որ դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման անուղղակի հարկերն ավելացվել են շուրջ 60 դրամով. «Եթե 390 դրամից 20 դրամով Ակցիզային հարկը նվազեցվել է, եղավ 370, 60 դրամով ավելացվել է անուղղակի հարկերը, եղավ 430 դրամ, 440 դրամ ամեն դեպքում էլի ստացվեց»:

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ հանձնաժողովը՝ Արտակ Շաբոյանը թեւերը փռում է այս տնտեսվարողների վրա՝ Պարսյանը պատասխանեց. «Հանձնաժողովում աշխատում են բավականին լավ մասնագետներ, այստեղ փռելու կամ չփռելու հարց չկա: Այստեղ զուտ տնտեսական քաղաքականության կամ հակամենաշնորհային քաղաքականության իրացման կարեւոր հարցն է եւ նրանք իրենց առջեւ դրված խնդիրը պիտի իրականացնեն, հակառակ դեպքում պարբերաբար իրենք գործ են ունենալու նման հարցերի, հասարակական բողոքների հետ»:

Պարսյանն ասաց, որ իր համար զարմանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ բենզալցակայաններում, գազալցակայաններում այս թանկացումից հետո բոլորը միանշանակ որոշեցին նույն բիզնես քաղաքականությունը վարել ու գները բարձրացնել, ոչ թե իրենց շահույթի հաշվին պահանջարկի ծավալն ավելացնել, ավելի շատ սպառողներ ներգրավել. «Այդ երեւույթը չի նկատվում մյուս շուկաների, օրինակ, սննդամթերքի շուկայի դեպքում, քանի որ այնտեղ կա մրցակցություն»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, ի՞նչ հետեւություն եք անում՝ ընկերությունները հանցավոր համաձայնությա՞ն են եկել, ի՞նչ են արել՝ Պարսյանը պատասխանեց. «Դրա վերջնական պատասխանը կարող է տալ հանձնաժողովը՝ իր ուսումնասիրությունների արդյունքում: Նոր Սահմանադրությամբ այդ հանձնաժողովն ավելի մեծ լիազորություններ եւ անկախություն է ունենալու: Այն ձեւավորելու է ԱԺ-ն՝ մեծամասնությամբ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել այս հանձնաժողովի անկախությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031