Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոլոտոյե պոլե»-ի ներկայացուցիչ. «Իսկ կոնֆետի ի՞նչն է դաստիարակչական»

Հունվար 10,2018 13:32

«Զոլոտոյե պոլե» ընկերությունը ամանորյա նվերներ էր պատրաստել գեղեցիկ փաթեթավորմամբ: Տպավորություն էր, որ նվերի տուփի մեջ լցրել էին այն ամենը, ինչ ձեռքներն էր ընկել, կամ ոչ մեկին պետք չէր` հելուն, ռեզիններ, լազեր, սպիներ, փոքրիկ տոնածառի խաղալիք, ռետինե խաղալիք, որը ջրի մեջ մեծանում է, ժելե հիշեցնող կպչուն նյութ, որը փոքր երեխան կարող է ուտել` շփոթելով կոնֆետի հետ: Տուփի վրա գրված չէր, թե որ սեռի եւ տարիքային որ խմբի համար է նախատեսված նվերը:

Aravot.am-ը տուփի վրա գրված համարով կապվեց ընկերության պատասխանատուի հետ, որը Գեւորգ ներկայացավ:

Նրանից հետաքրքրվեցինք` ո՞ր տարիքի ու ո՞ր սեռի երեխաների համար է նախատեսված իրենց փաթեթավորած նվերը եւ ի՞նչ կարող է տալ այն երեխային դաստիարակչական, երեւակայությունը զարգացնելու կամ հետաքրքիր լինելու առումով:

«Նվերներն ուղղած են մինչեւ 7 տարեկան երեխաներին, եթե Ձմեռ պապիկի նկարով է տուփը` տղաների համար է, Ձյունանուշի նկարով տուփը՝ աղջիկների համար: Գործելու ռեզինը նաեւ տղաներն են օգտագործում»,- հայտնեց «Զոլոտոյե պոլե»-ի պատասխանատուն:

Ապա զարմանքով հավելեց. «Որ կոնֆետ եղավ տուփի մեջ, դա դաստիարակչական նշանակությո՞ւն է ունենալու, դա ինչ-որ բան տալո՞ւ է երեխային: Մենք տուփի մեջ կոնֆետ չենք գցում, որովհետեւ Նոր տարուն կոնֆետները շատ են լինում, դրա համար խաղալիքներ ենք գցել»:

Մեր տարակուսանքին, որ նշված իրերը հետաքրքիր չեն իբրեւ խաղալիք, Գեւորգ ներկայացրած պատասխանատուն պատասխանեց. «Իմ երեխան այդ նվերով լավ էլ խաղում է»:

Ինչ վերաբերում է նրան, որ փոքր տարիքի երեխաների համար տուփում եղածը կարող է վտանգավոր լինել, կարող են բերանը տանել, կոնֆետի հետ շփոթել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրա համար նվերը չեն տալիս երեխային ու անցնում: Ծնողը բացում նայում է, թե մեջն ինչ կա, որ է տալիս: Ես էլ բացում, նայում եմ, որ երեխան կարող է բերանը տանել, չեմ տալիս, եթե իրեն հարմար չի լինում, դա հանում եմ միջից: Ծնողները պետք է բացեն նայեն` նվերը տա՞ն իրենց երեխային»:

Նա նաեւ հավելեց, որ ինչքան վաճառել են, բոլորը գոհ են մնացել, եւ առաջին դեպքն է, որ դժգոհություն են լսում:

Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրվել տուփում եղած իրերը, Գեւորգը պատասխանեց. «Այն սկզբունքով, ինչը վաճառվում է խանութներում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031